«Թող Հայաստանը չմոռանա». шլիևը Ստեփшնшկերտից նոր սպшռնшլիքներ է հնչեցրել, պղ ծել ԼՂ դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ամենուր տարել «կանգնեցրել» է Ադրբեջանի դրոշը, ցուցադրական լուսանկարվել դրանց առջև, Ստեփանակերտի կենտրոնից նոր սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։

Նրա խոսքով՝ «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ կա, որը մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի» ԼՂ նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։

Ալիևը ԼՂ նախկին բոլոր նախագահներին «ծաղրածուներ» է անվանել։

«Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում (նկատի ունի՝ պետնախարար), կհամարձակվի՞ այսօր էլ մեզ սպառնալ։ Այսօր մեր քննչական մեկուսարանում նրան նույնպես թեյ են մատուցում…»,- հայտարարել է նա:

Ալիևը սպառնալից «խոստացել է», թե Ադրբեջան հավերժ մնալու է Լեռնային Ղարաբաղում:

«Իրեն «արտաքին գործերի նախարար» անվանող անջատողականն այն ժամանակ ծաղրանքով ասում էր, որ եթե Ադրբեջանը ցանկանում է իր դրոշը բարձրացնել Խանքենդիում (Ստեփանակերտ), ապա թող դեսպանատուն բացի մեր երկրում։ Հիմա նրան էլ թեյ են մատուցում այնտեղ՝ մեր մեկուսարանում։ Իսկ մեր դրոշն այստեղ է: Սա պետք է դաս լինի նրանց համար։ Ցավոք սրտի, նրանք ականջ չդրեցին իմ խոսքերին, որոնք ես ասել եմ 20 տարի առաջ, իսկ հետո՝ բազմիցս կրկնել: Նրանք կարծում էին, որ դրանք պարզապես խոսքեր են։ Չէ, այն ամենը, ինչ ասել եմ, իրականացրել եմ։ Սա գիտեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան։ Թող չմոռանան 2020-ի պատերազմը։ Թող չմոռանան հակաահաբեկչական միջոցառումները»,- հայտարարել է Բաքվի բռնապետը:

Նա նաև պղծել է Լեռնային Ղարաբաղի դրոշը՝ կանգնելով ու լուսանկարվելով դրա վրա:

Կիսվել սոց․ ցանցերում