Դեսպանատան մոտ տղամարդկությունը բռնում է, շենքը ներկ եք անում, դա՞ է հայրենասիրությունը. Կանադայի դեսպանը՝ ՀՅԴ-ականներին

Կանադայում երեկ ՀՅԴ-ական երիտասարդների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել ԼՂ հայերի համար «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի սկզբում:

Տեղի ունեցածին միջամտել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը՝ իր խոսքն ուղղելով նախատեսված միջոցառումը տապալելու փորձ արած հայ երիտասարդներին:

«Ցավում եմ, որ այս մասին խոսում եմ, բայց եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինենք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք մեր հայկական բանակի շարքերը, պաշտպանեք մեր հողերը: Դուք Հայաստանի Հանրապետությունից եք փախչում: Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ, որ ՀՀ դեսպանը ներս մտնի:

Գնացեք Հայաստան, դարձեք մեր մի մասնիկը և թող լինի օրինական ընտրված իշխանություն:

ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը և սիրում եք իշխանությանը, թե չեք սիրում, չի կարող Կանադայի քաղաքացին ինչ-որ դժգոհություն ունենա: Ինչպես դուք կարող եք բան պահանջել՝ չլինելով էդ երկրի մի մասնիկը»,- ասել է դեսպանը:

Անահիտ Հարությունյանը հավաքված երիտասարդներին խորհուրդ է տվել զբաղվել հայապահպանության, կանադահայության շահերով, մշակութային արժեքների և ժառանգության պահպանությամբ:

«Ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակների: Գնում եք՝ լուռումունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, գալիս եք ՀՀ դեսպանության դիմաց ձեր տղամարդկությունը բռնում է, ամբողջ շենքը ներկ եք անում:

Դա՞ է հայրենասիրությունը, որ ՀՀ դեսպանություն ցուցատախտակն ամբողջությամբ կարմրացնում եք, դա է՞ հայրենասիրությունը:

Դեսպանությունը գործել է 1995 թվականից և շարունակելու է լինել»,- ասել է դեսպանը:

Կիսվել սոց․ ցանցերում