Վագիֆ Խաչատրյանը ցմահ ազատազրկման չի դատապարտվի:
Այս մասին Խաչատրյանի շինծու «քրեական գործով դատավարության» ժամանակ հայտարարել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը՝ նշելով, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիների նկատմամբ ցմահ ազատազրկման պատիժ չի կիրառվում, մինչդեռ Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955թ և 68 տարեկան է:
Դատարանում ցուցմունք են տվել Ադրբեջանի Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տարիներ առաջ ապրած մի շարք բնակիչներ, որոնք հայտարարվել են որպես Վագիֆ Խաչատրյանին առնչվող քրեական գործով «տուժողներ»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «տուժողներից» Իլհամ Քազիմովը դատարանում հայտարարել է, որ այս գյուղի վրա հարձակման ժամանակ եղել է Մեշալիում:
«Գյուղը շրջապատված է եղել հայերով։ Նրանք սպանել են 25 մարդու, այդ թվում՝ երեխաների։ Վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ ես։ Հայրս մահացել է, նա որսորդ էր: Վագիֆը և նրա հանցախմբի մյուս անդամները գիտեին, որ հայրս սուր կրակող է։ Մեր գյուղի բնակիչ Նուբար Գասիմովան վազելով եկավ և ասաց, որ Վագիֆի բանդան սպանել է իրենց։ Պահանջում եմ նրան դատապարտել ցմահ ազատազրկման. Բադարա գյուղի բոլոր հայերը մասնակցել են Մեշալիի ցեղասպանությանը։ Նուբար Գասիմովայի ամուսինը նահատակվել է, նա վիրավորվել է ոտքից։ Բադարում միայն մեկ Վագիֆ կար, որին ճանաչում էինք՝ Վագիֆ Խաչատրյանը։ Վահիդ էլ կար, բայց ուրիշ Վագիֆ չկար»,-հայտարարել է նա։
Հենց ի պատասխան այս խոսքերի է դատավորը հայտարարել, թե Վագիֆ Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել չեն կարող, օրենսդրությունը թույլ չի տալիս:
Կեղծ «տուժողները» հայտարարել են, թե Խաչատրյանը եղել է զինված խմբավորման հրամանատարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է հուլիսին առևանգված ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատական նիստը։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Տղամարդը հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ իրեն վերագրվող «հանցագործություններից» ոչ մեկին։
Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար, այնտեղ տեղի ոնեցած գործողություները որակում իբրև «ցեղասպանություն», Խաչատրյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
