Դատարանն ամբողջությամբ մերժել է «5-րդ ալիքի» հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

2022թ. նոյեմբերի 25-ին «5-րդ ալիքը» հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է փոխանցվել 2022թ. դեկտեմբերի 1-ին:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին լրագրողների հետ կայանալիք ճեպազրույցի շրջանակներում հրապարակայնորեն հերքել «Շարկ» ՍՊ ընկերության՝ «5-րդ ալիքի» անունն ու գործարար համբավն արատավորող զրպարտչական արտահայտությունները: Բացի դրանից, հեռուստաընկերությունը պահանջել էր ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 6 մլն ՀՀ դրամի չափով։

Բանն այն է, որ նույն թվականի նոյեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցին, ասել էր, որ հեռուստաընկերության սեփականատերը, որը, տարածվող լուրերի համաձայն, հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը 1998-2013 թվականներին զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, տիրապետում է ապօրինի գույքի։
«Դուք 5-րդ ալիքից եք, չէ՞։ Բայց Դուք անհարմար չե՞ք զգում։ Ապօրինի գույքը Ձեր էս 5-րդ ալիքի սեփականատիրոջն ա։ Մենք ստեղծել ենք, գումարներ ենք… լսեք ուշադիր ինձ։ Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով։ Ուրեմն Ձեզ հարց եմ տալիս՝ Ձեր սեփականատերը, գող, ավազակ, ոչ մի, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի… Դուք, Ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ։ Գնացեք էդ միլիարդները բերեք։ Լսեք, մենակ էն 400-500 հատ բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել»,- հայտարարել էր պատգամավորը։

Հետագայում իր խոսքը լրացնելով՝ Խաչատուր Սուքիասյանը հայտնել էր. «Ապօրինի գույքը Ձեր ու Ձեր քաղաքական շրջապատինն ա։ Ձեր քաղաքական համակարգինն ա։ Լսեք, նրանց զավակներինն ա, նրանց բարեկամներինն ա։ Լսեք, հիմա ուզո՞ւմ եք հերթով թվարկեմ։ Եթե դուք մի քիչ գրագիտություն եք, կրթություն եք ստացել, Հայաստանի Հանրապետությունում 4-5 մոտավորապես ապահովագրական կառույց կա։ Եթե Դուք գրագիտություն ունեք ու Դուք որևիցե մեկի շահը չեք հետապնդում, գնացեք, հանեք, տեսեք՝ որ մեկը ինչքա՞ն ա պետական… 4 կամ 5 կազմակերպություն կա ապահովագրական։ Գնացեք, նայեք, Ձեր ղեկավարի, Ձեր սեփականատիրոջ ապահովագրական կառույցը քանի պետական մարմնի մեքենա կամ գույք է ապահովագրել։ Ես ասում եմ՝ քանակը պետք է նայել, նայեք քանակը, գումարային»։

Պատասխանողի ներկայացուցիչը ամբողջությամբ առարկել է հայցադիմումում ներկայացված պահանջների դեմ և նշել, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Սուքիասյանի խոսքն ամբողջությամբ տեղավորվում է ազատ կարծիք հայտնելու իրավունքի շրջանակներում։

Ի վերջո, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուրադ Հովակիմյանի, սույն թվականի հուլիսի 21-ին ամբողջությամբ մերժել է «5-րդ ալիքի» հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։

Վովա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում