Հայ քաղաքական միտքը մերժեց հնարավորը և անհրաժեշտը ստանալու հեռանկարը և ընկավ ցանկալիի ու երազների հետևից

Մենք պատերազմից խուսափելու երեք հիմնական տարբերակ ունեինք.
ա/ միշտ լինել ուժեղ Ադրբեջանից ու նրա թիկունքին կանգնած Թուրքիայից, ինչը, զուտ ժողովրդագրությամբ և երկրի չափերով ու ռեսուրսներով անիրականանալի էր,
բ/ Արցախի կարգավիճակը թողնել բաց, վերադարձնել 6 շրջանները, ինչն անում էր ՀՀ առաջին նախագահը, որը սակայն իրականություն չդարձավ, քանի որ փողի, իշխանության ձգտող հանցավոր քառյակը իրականացրեց ռազմապետական հեղաշրջում, որին մինչև այսօր քաղաքական, իրավական գնահատական չի տրվել,
գ/ հրաժարվել միացումից և անկախությունից (ինչն ամրագրված էր Անկախության հռչակագրով), բանակցությունների տակ ական դրված հետաձգված հանրաքվեից, (որ երես փրկելու միջոց էր) և Արցախը, որպես ամենաբարձր ինքնավարությամբ պետական, ինքնուրույն միավորում (իր ազգային գվարդիայով, Սահմանադրությամբ, պետական ատրիբուտիկայով, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում ներկայությամբ, բայց ոչ անդամակցությամբ), ճանաչել Ադրբեջանի մաս՝ դե-յուրե, իսկ դե ֆակտո՝ անկախ, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ հաստատելու և այլ երաշխիքներով:
Բայց հայ քաղաքական միտքը մերժեց հնարավորը և անհրաժեշտը ստանալու հեռանկարը և ընկավ ցանկալիի ու երազների հետևից, այն է՝ ընտրեց պատերազմով, արյամբ հողերը կորցնելու, Արցախի ինքնալուծարման, հայաթափման ճանապարհը:
Հիմա էլ ասում են՝ մեկ է, ինչ էլ անեինք, Ադրբեջանը չէր բավարարվելու: Կիկոսի մահն է: Բա որ, բա որ, բա որ… Մենք պետություն ե՞նք, թե համայնք: Մենք ունե՞նք արտաքին քաղաքականություն, թե ամեն ինչ լոբբինգ է ու Հայ դատ:
Թ.Հ.
18 հոկտեմբեր, 2023թ
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում