Բրազիլիայի նախկին նախագահին ցանկանում են մեղադրել պետական հեղաշրջման փորձի մեջ

Խորհրդարանական հանձնաժողովը, որն ստեղծվել է Ազգային կոնգրեսի գրոհի հետաքննության համար, մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին։ Նրան մեղավոր են համարում պետական հեղաշրջման փորձի, քաղաքական բռնության եւ քրեական դավադրության մեջ, տեղեկացրել է DW-ն։

Բոլսոնարուի դեմ հետաքննությունը շարունակվել է հինգ ամիս, ամփոփիչ հաշվետվությունը կազմել է 1 300 էջ։ Բոլսոնարուից բացի Ազգային կոնգրեսի գրոհին մասնակցության մեջ մեղադրվում է եւս 60 մարդ, նրանց մեջ՝ նախկին նախարարներ եւ զինվորականներ։ Հաշվետվությունը կփոխանցվի Բրազիլիայի գլխավոր դատախազությանը, գերատեսչությունը պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք պաշտոնական մեղադրանք պետք է առաջադրել նախկին նախագահին։

Բոլսոնարուի փաստաբանները հաշվետվությունն անվանել են «թերի եւ կողմնակալ»։ Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը հնարավորություն չի ունեցել փաստարկներ ներկայացնել իր պաշտպանության համար։

Անցած տարվա հոկտեմբերի 30-ին Բրազիլիայում  տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ 50,9 տոկոսը 49,1 տոկոսի դիմաց հաղթանակ է տարել Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ 2023թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք կարծում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կազմակերպեցին նախագահական նստավայրի, Կոնգրեսի շենքի եւ գերագույն դատարանի գրոհը։

Հունիսին Բարձրագույն ընտրական դատարանի դատավորները գտան, որ նախկին նախագահը մասամբ պատասխանատվություն է կրում այդ գործողությունների «կործանարար հետեւանքների» համար։ Նրան 8 տարով արգելվել է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ինքը՝ Բոլսոնարուն, հերքում է բոլոր մեղադրանքները։ Անկարգությունների ժամանակ նա Ֆլորիդայում էր։

Կիսվել սոց․ ցանցերում