«Զգու՛յշ կացեք, գուցե մեկը ձեզ փիլիսոփայությամբ ու դատարկ խաբեբայությամբ գրավի՝ մարդկանց ավանդության պես, աշխարհիս սկզբունքների պես, և ոչ թե Քրիստոսի պես։ Որովհետև նրա մեջ աստվածության ամբողջ լիությունը բնակված է մարմնապես, և դուք նրանով լցված եք, որովհետև նա է ամեն իշխանության և պետության գլուխը»։ Կողոսացիներին 2:8-10 Սա է իմ նպատակը՝ մտնել այն լիության մեջ, որը տրվել է մեզ Հիսուս Քրիստոսի մեջ, ով պետք է լինի մեր գերագույն նպատակը և բավարարվածությունը։ Մենք կարող ենք պատկերել սա՝ զուգահեռ անցկացնելով Մովսեսի խորանի հետ, ինչպես որ նկարագրված է Հին Կտակարանում։ Նրա կառուցվածքը բաղկացած էր երեք մասից. առաջին, արտաքին գավիթ, հետո, առաջին վարագույրից ներս՝ Սրբությունը, և երկրորդ վարագույրի ներսում՝ Սրբության սրբոցը։ Կրկին, սրանց միջև տարբերակում կարելի է մտցնել մի հասարակ ճանապարհով՝ յուրաքանչյուր մասում առկա լույսի միջոցով։ Արտաքին գավիթում բնական լույսն է տարածվում՝ արևից, լուսնից և աստղերից եկող լույսը։ Սրբության մեջ բնական լույս չկա։ Լույսն այնտեղ ապահովվում էր յոթ ճյուղ ունեցող ճրագակալով, որի ամանների մեջ էր լցվում ձեթը՝ լույս տալու համար։ Այն պահից, երբ գտնվում ես Սրբության մեջ, դու այլևս չես ապրում քո զգայարաններով, այլ՝ հավատքով։ Ուշագրավ է, որ երկրորդ վարագույրից այն կողմ բոլորովին լույս չկար։ Այնտեղ մտնելու միայն մեկ պատճառ կար՝ հանդիպել Աստծո հետ։ Երբ ուղիղ սրտով մեկը մտնում էր երկրորդ քողից այն կողմ, այն փառավորապես լուսավորվում էր Աստծո գերբնական ներկայությամբ, որը կոչվում էր շեքինա։ Այս է գերագույն նպատակը։ Բացի Աստծուց ոչ ոք չի կարող մեզ ետ պահել այդ երկրորդ քողից ներս մտնելուց։ Նա ոչ մի այլընտրանքային գրավչություն չի առաջարկում. կա՛մ Աստված, կա՛մ ոչինչ։ Եթե Աստված չգա, դու կատարյալ խավարի մեջ կլինես։ Ապրել Աստծո հետ՝ որպես մեր նպատակ, նշանակում է չհետապնդել որևէ այլ գրավչության։ Աստված ինքը և միայն Աստված։ Այն լույսը, որ փնտրում եմ, ո՛չ բնական է և ո՛չ էլ արհեստական. այն գերբնական է՝ Աստծո իսկ ներկայությունը։ Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ նա, ում փնտրում եմ, Աստված ինքն է և միայն Աստված է՝ Քրիստոսի լիությունը, քանի որ ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։
Կիսվել սոց․ ցանցերում
Ձեզ նաև կհետաքրքրի ՝