Եթե ՌԴ-ն դիմի այդ քայլին, ամեն ինչ անելու եմ՝ «ռուսական սապոգը» ՀՀ տարածքից դուրս հանելու համար. քաղաքագետ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը շարունակում է այն կարծիքին մնալ, որ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, խնդիր է դրել իր առջև Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնելու, և երկրորդ տեսակետ լինել չի կարող:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների այն հայտարարություն-սպառնալիքներին, թե, այսպես ասած, ԲՏՌ-ներով կանցնեն ԼՂ ակտիվիստների վրայով՝ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը բացելու համար:

«Չեմ զլանա կրկնել, որ արցախցիների գլխում բան պիտի փոխվի, և հենց Արցախից պիտի ռուս խաղաղապահներին անվստահություն հայտնեն: Տարածաշրջանում իբրև թե խաղաղապահ գործառույթ իրականացնող օկուպացիոն խումբը զբաղված է տարածաշրջանը էթնիկ հայերից դատարկելու դավադիր գործողությամբ, սրան պետք է անվստահություն հայտնել, միջազգային խաղաղարար ուժեր հրավիրել տարածաշրջան: Արցախում արդեն կան այդպիսի ուժեր, ովքեր փորձում են այդ գաղափարն ու ծրագիրն առաջ տանել: Ցավոք, դրանք սահամանափակվում են Արթուր Օսիպյանով և նրա շուրջ համախմբված հատուկենտ արցախցիներով, բայց հույս ունենանք, որ Արցախի մեր հայրենակիցները խորը քնից կարթնանան և այդ ռուբենվարդանյանական, դաշնակ՝ թաթար-մոնղոլական խմբերը, որ ծվարելն են ԼՂ-ում ու ԼՂ մեր հայրենակիցներին խաբեության մեջ են պահում, ի վերջո ուշքի կգան»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Մկրտչյանի՝ եթե ԼՂ բնակչությունը կարծում է, որ ռուսները մնալու են տարածաշրջանում, ապա չարաչար սխալվում են, և դրա վառ վկայությունն Էրդողանի պահանջն է ՌԴ-ին, որ այդ զորքերը պիտի դուրս գան ժամանակը լրանալուն պես:

«Մեղադրել բացառապես ադրբեջանցիներին սրիկայություն է, որովհետև Լաչինի միջանցքը եղել է ՌԴ տիրապետության տակ գտնվող տարածք, և այս ամբողջ կինոն՝ ռուսական բորշը, որ նրանք եփել են Արցախում, սկսվել է ռուսների՝ Լաչինը հանձնելուց հետո: Այսինքն՝ ադրբեջանցիների հետ հավասար, ինչ-որ տեղ անգամ ավելի շատ մեղավոր են ռուսները, և սա չնկատելու համար առնվազն արցախցիների և ընդհանրապես հայ ժողովրդի թշնամին պիտի լինես»,- ասում է նա:

Անդրադառնալով ԼՂ հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որը կայանալու է այսօր՝ քաղաքագետը չի կարծում, թե այն կարող է բեկումնային լինել:

«ՄԱԿ-ը ՀՀ-ի դեմ էլ ժամանակին ընդունել է 4 բանաձև, ի՞նչ տվեց դա Ադրբեջանին, ոչինչ: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում՝ պարտադիր կիրառման ուժով, ի՞նչ է տվել դա մինչև այսօր, ոչինչ. հերթական բարոյական հաղթանակը կարող ենք արձանագրել: Ասեմ ավելին՝ մտավախություններ ունեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ-ն կօգտվի իր՝ վետո կիրառելու իրավունքից, և, Աստված մի արասցե, եթե ՌԴ-ն ընտրի այդ ճանապարհը, ինքս լինելու եմ ՀՀ այն քաղաքացին, որ ամեն ինչ անելու է՝ ռուսական սապոգը ՀՀ տարածքից դուրս հանելու համար»,- ընդգծում է նա:

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ միջազգային հարաբերություններում իրեն վաճառել է:

«Երբ որ պետք է, չափից ավելի ռուսամետ պետություն է, երբ պետք է, չափից ավելի՝ եվրոպամետ: Ադրբեջանական կողմը միջազգային հարաբերություններում խաղում է ի տարբերություն մեզ: Մենք որդեգրել ենք հավերժ բարեկամների սկզբունքը և այդ սկզբունքով 300 տարի շարունակ անընդհատ կորցնում ենք, մատաղացու գառի կարգավիճակում հայտնվում: Մեր ու ադրբեջանցիների տարբերությունն այն է, որ նրանք հասկանում են՝ քաղաքականության մեջ կան հավերժ շահեր, իսկ մենք հակառակը, թե քաղաքականության մեջ կան հավերժ բարեկամներ, և դա ՌԴ-ն է»,- ասում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հասարակության շրջանում այդ ընկալումը 2020 թվականի պատերազմից հետո արմատապես վերացել է. «Բայց այդքանից հետո շարունակել մնալ ՀԱՊԿ անդամ, որևէ քայլ չանել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, 600 հազարից ավելի ռուս փախստականների տեղավորել ՀՀ-ում, սրա բացատրությունը օրվա իշխանությունը կարո՞ղ է տալ»:

Միաժամանակ Մկրտչյանը նշում է՝ հասկանում է՝ իշխանության ձեռքերը ինչ-որ առումով կապված են՝ 120 հազար էթնիկ հայ այս պահին պատանդի կարգավիճակում Է ռուսների ու ադրբեջանցիների ձեռքում, բայց, նրա կարծիքով, եկել է համընդհանուր վճռական գործողություններ կատարելու ժամանակը. «Այդ վճռական գործողությունները ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլերն են, դրանից հետո միանշանակ մանևրելու տեղ կունենանք, քաղաքակիրթ աշխարհի հետ ավելի խորը ու համապարփակ հարաբերություններ ձևավորելու դաշտ կստեղծվի: Մենք ուրբաթ օրը երեկոյան պատրաստվում ենք մի խումբ ակտիվիստների հետ հանրահավաք անել ՌԴ դեսպանատան դիմաց: Հորդորում եմ բոլոր սրտացավ և ԼՂ-ի ու արցախցիների համար մտահոգ մարդկանց միանալ նախաձեռնությանը»:

Կիսվել սոց․ ցանցերում