Ներողություն եմ խնդրում ողջ шդրբեջшնшկան ժողովրդից, բայց ես այդ իրադարձությունների ժամանակ այնտեղ չեմ եղել. Խաչատրյան

Վագիֆ Խաչատրյանին առնչվող շինծու գործով դատական նիստին մի քանի տասնյակ «տուժողներից» մեկը՝ Չարքյազ Մեհրալիևը ցուցմունք է տվել և ասել, թե լավ է ճանաչում ամբաստանյալի եղբորը, այնուհետ հայտարարել է, թե իրենց գյուղը՝ Մեշալին, մի քանի անգամ է ենթարկվել «հարձակման հայերի կողմից»:

Նա նշել է, թե հնարավոր չէ, որ Վագիֆ Խաչատրյանը այնտեղ չլիներ. Բադարա գյուղի բոլոր հայերը հարձակվել են Մեշալի վրա, իսկ Խաչատրյանը ևս այնտեղ է եղել:

Այնուհետև խոսել է որպես ևս մեկ «տոժող» ներկայացված  Գարիբ Ջաբիևը, ով ասել է, թե հայտնի իրադարձությունների ժամանակ ինքը 10 տարեկան է եղել, իբր գետով ու անտառներով են փախել գյուղից, հարձակողների թվում են եղել Վագիֆն ու նրա եղբայրը՝ Գուրգենը։

Պետական դատախազը դիմել է Վագիֆ Խաչատրյանին՝ ասելով. «Մտածու՞մ եք Մեշալի գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»:

Հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը ասել է. «Ես ներողություն եմ խնդրում ողջ ադրբեջանական ժողովրդից այս իրադարձությունների համար։ Բայց ես այդ պահին այնտեղ չէի»:

Որպես «տուժողներ» դատարանի դահլիճ բերված անձինք սկսել են աղմկել՝ հայտարարելով, թե Վագիֆը ստում է, վերջինս նորից է կրկնել՝ «Ես այնտեղ չեմ եղել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը:

Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Կիսվել սոց․ ցանցերում