Եթե գյուղի մի մանկավարժ չի անցնում ատեստավորումը, բոլորն են իմանում. ինչ խնդիրներ են բարձրաձայնում ուսուցիչները

Չնայած, որ արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ-ում գործող ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցել կամավոր ատեստավորմանը, միևնույն է, այս գործընթացի հանդեպ նրանց որոշ մասի շարունակական բողոքներն ու բարձրաձայնվող խնդիրները մնում են արդիական։

Ատեստավորումը հնարավորություն է տալիս զգալիորեն բարձրացնել աշխատավարձը կամ ունենալ հավելավճարներ, սակայն ուսուցիչների ճնշող մեծամասնությանն այս փաստը կարծես այդքան էլ չի ոգևորում։ Կամավոր ատեստավորումն իրականացվում է քննական թեստերի միջոցով՝ կառուցվածքով նման դիմորդների միասնական քննություններին։ Որքան միավորը բարձր է, այնքան մեծ է աշխատավարձի հավելավճարը։ Բավարար միավորներ չհավաքածները պետք է վերապատրաստվեն, հետո դարձյալ մասնակցեն, իսկ եթե այդ ժամանակ էլ կտրվեն, կզրկվեն դասավանդելու իրավունքից։

Այդուհանդերձ, որոշ ուսուցիչներ յուրաքանչյուր ատեստավորման գործընթացից հետո հայտարարում են, թե թեստերի կազմման միասնական մոտեցում չկա, ամեն տարի նոր թեստեր են՝ ավելի դժվար ու բարդ առաջադրանքներով։

Սեպտեմբերիր 23-ից հոկտեմբերի 8-ը, օրինակ, տեղի ունեցավ և՛ օտար լեզուների, և՛ մի քանի առարկաների՝ մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա և այլն, ատեստացիան։ Որոշ ուսուցիչներ այս քննություններից հետո էլ են դժգոհ․ ըստ մանկավարժների՝ սխալներով աչքի են ընկել հատկապես անգլերենի թեստերը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դժգոհությունների մի քանի պատճառ է առանձնացնում:

«Ինֆորմացիայի արտահոսք չլինելու համար թեստերը գաղտնի են կազմվում, 1-2 մասնագետով, դրա համար նախարարությունը չունի հնարավորություն մի քանի մասնագետի տալ ստուգելու դրանց որակն ու տեխնիկական սխալները։ Արդյունքում ծիծաղելի սխալներ են լինում, գրում են տարբերակները թվերով, բայց պատասխաններում նշելու համար տառեր են գրում, կամ պետք է գտնես սխալ պատասխանը, բոլորն էլ ճիշտ են լինում։ Ատեստավորումը պետք է նորմալ գործընթաց դառնա, թեստերը լինեն անթերի։ Բավական է լինի մեկ-երկու սխալ, ու ուսուցիչը ընկճվում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է կրթության փորձագետը։

Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ ուսուցիչը ատեստավորմանը մասնակցելու համար դիմում է կրկնուսույցի՝ պարապմունքների, այսինքն՝ 30-40 հազար դրամ ստացող մանկավարժը 60 հազար դրամի դիմաց պարապում է այլ մանկավարժի մոտ իր աշխատավարձը բարձրացնելու համար․ «Ինքս ականատես եմ եղել հայտարարության, որով առաջարկում էին պարապել մաթեմատիկայի ուսուցիչների հետ, այլ տարբերակ էլ կա, երբ ոչ վճարովի տարբերակով նույն առարկայի մի քանի ուսուցիչներ միանում են և միասին պարապում՝ մասնակցելու համար։ Խնդիր է, որ չկա հստակեցում, թե ատեստավորմամբ ի՞նչն ենք ստուգում՝ ուսուցչի գիտելի՞քը, թե՞ մասնագիտական որակները։ Մանկավարժն ասում է՝ գրքից հարցեր տվեք, բոլորին պատասխանեմ, դա արդարացված է, բայց մի կողմից էլ ուսուցիչը պետք է ավելին իմանա, քան իր աշակերտը»։

Կրթության փորձագետի կարծիքով՝ թեև ուսուցիչների բողոքները ատեստավորման գործընթացի հետ կապված արդարացված են, բայց նախարարությունը նրանց գումարները բարձրացնում է, ինչին ի պատասխան՝ պահանջում է նաև աշխատանքի որակի բարձրացում։ Բացի դպրոցական խնդիրներից, այս հարցը նաև ազդում է ուսուցչի մասնագիտական հեղինակության վրա․ «Ատեստավորման արդյունքները նախարարությունը գաղտնի է տեղադրում՝ ամեն մեկին իր պատասխանը ուղարկելով, բայց գյուղերում լուրերը շուտ են տարածվում, ու եթե գյուղի դպրոցներից մի ուսուցիչ չի անցնում հաղթահարելի սահմանը, բոլորն էլ տեղեկանում են։ Այդպես գյուղից մի ուսուցիչ զրկվել էր իր մոտ պարապմունքների գնացող աշակերտներից, քանի որ հայտնի էր դարձել, որ նա չի հաղթահարել անցողիկ շեմը։ Նման հարցերում նույնպես պետք է նրբանկատ լինենք»։

Կամավոր ատեստավորում անցած Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վարշամ Ադամյանի կարծիքով էլ՝ բողոքները գործընթացի վերաբերյալ կարող են անհիմն համարվել, եթե ուսուցիչը վստահ է իր կարողությունների վրա։ Վերջինս տվյալ առարկայից ատեստավորում անցել է նախորդ տարի: «Թեստերը դպրոցական ծրագրի շրջանակներում էին։ Ես հավաքել եմ 93-ից մի փոքր ավելի տոկոս։ Դիմեցի գործընթացին, որովհետև ոչ թե մտածում էի հեշտ կլինի, այլ որ կհաղթահարեմ»,- ասում է նա:

Ադամյանը դպրոցի միակ ֆիզիկայի ուսուցիչն է, աշխատում է արդեն 30 տարի, դասավանդում՝ 7-12-րդ դասարաններում։ 25 դասաժամի համար նրա աշխատավարձը նախկինում եղել է 104 հազար դրամ, այժմ՝ ատեստավորումից հետո, դարձել է 275 հազար դրամ․ «Ինչ թեստ և ինչ բարդության էլ լինի, ուսուցիչը պետք է իր գիտելիքի հանդեպ վստահություն ունենա։ Եթե մասնակցում է ու 20 տոկոս հավաքում, ինչպես կարող է աշխատել դպրոցում։ Ատեստավորումը մի քանի խնդիր ունի․ նախ՝ չկան նոր կադրեր, որ շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ պայմանագիրը լուծարեն, հետո, ուսուցչի աշխատավարձը շատ ցածր է՝ անկախ ատեստավորումից, պետք է փորձեին բոլորինը բարձրացնել»։

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ նկատում է՝ ատեստավորման քննությունից բողոքում են ցածր տոկոսներ կամ շեմը չհաղթահարած ուսուցիչները, նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել անհրաժեշտ շեմը, ունենում են աշխատավարձի բարձրացում, որևէ խնդիրներ չեն տեսնում։ Գործընթացի հետ կապված նա առանձնացնում է երկու խնդիր․ «Քննության ձևաչափի մեջ կան որոշակի ձևակերպումներ, որոնք մեծահասակներից ավելի ժամանակ են պահանջում, քան երիտասարդ կադրերից, հաջորդը սուբյեկտիվ է՝ կապված ուսուցչի պատրաստվածությունից։ Ուսուցիչները ժամանակ չեն տրամադրում քննությանը պատրաստվելու համար, չեն ծանոթանում ծրագրերին, բայց նրանց մի մասը կարիք ունի որոշակի բաներ սովորելու։ Ունենք ուսուցիչներ, որոնք աշխատում են հիմնական դպրոցում, չեն դասավանդում ավագ դասարանում, բայց չի նշանակում, որ միայն մեկ դպրոցի ծրագրին պետք է ծանոթ լինեն»։

Ըստ նրա՝ եթե տվյալ դպրոցի ուսուցիչը չի հաղթահարում շեմը, ապա դպրոցը պետք է աջակցի իր մանկավարժին։

Վերջինս հավաստիացնում է՝ ատեստավորման արդյունքները գաղտնի են, և հայտնի են դառնում միայն դպրոցի տնօրենին և մասնակից անձանց: Թորոսյանը հորդորում է պահել գաղտնիությունը, որպեսզի ուսուցիչը չկորցնի իր հարգանքը աշակերտների և գործընկեր ուսուցիչների շրջանում:

Նկատենք, որ նախկինում ուսուցիչը կամավոր ատեստավորմանը կարող էր մասնակցել ընդամենը մեկ անգամ, այժմ ԿԳՄՍ նախարարությունը կարգում որոշակի փոփոխություններ է մտցրել։ Եթե նախկինում 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչը ազատվում էր աշխատանքից, ապա այժմ նրան հնարավորություն է տրվում:

Ըստ այդմ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, սա կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա: Չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ՝ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։

Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

Կիսվել սոց․ ցանցերում