Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել պատվեր կատարող․ Գևորգ Արշակյանի մայրը՝ Վճռաբեկ դատարանի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդի առաջադրված թեկնածուներն են՝ Կարեն Թումանյանը, Նաիրա Հովսեփյանը և Գուրգեն Մալխասյանը։ Երեք թեկնածուներից պետք է ընտրվի մեկը։

Թեկնածուներին ԱԺ նիստում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Թեկնածու Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, առ այսօր աշխատում է 1–ին ատյանում որպես դատավոր, ինչպես նաև ԵՊՀ դասախոս է, բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Իր խոսքում զոհվածի մայրը շեշտեց՝ այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է:

«Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ, ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, որին հասնելու ճանապարհը մեկն է` ուժեղ պետություն, որը ենթադրում է ուժեղ դատական իշխանություն։ Հայաստանն իմ համար սրբություն է: Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով։ ՀՀ–ն տառերից բաղկացած բառ չէ, բոլորս միահամուռ ուժերով պետք է գնանք երազանքների հետևեից։ Գևորգս ասում էր՝ բոլորն ունեն երազանքներ, բայց ոչ բոլորն են գնում երազանքի հետևից», — ասաց նա:

Վերջինս անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից երեկ հնչեցրած արտահայտություններին, թե ինչպես է  Նաիրա Հովսեփյանը այս թեկնածությունից հետո հպարտ քայլելու․ «Պարոն Մանուկյան, երեկ Դուք այդպիսի բաներ հայտարարեցիք։ Ես միշտ հպարտ եմ քայլել այն ընտանիքում, որտեղ ծնվել եմ, ծնել եմ Գևորգ Արշակյանին։ Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող  լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», — ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում