Yandex-ը հայտարարել է, որ այսուհետ ոչ ակտիվ Yandex ID օգտահաշիվների հետ աշխատելու նոր քաղաքականություն կգործի: Նոր կանոնների համաձայն՝ եթե օգտահաշիվը չի օգտագործվել 2,5 տարի, ապա մի քանի ծանուցումներից հետո այն կջնջվի։
Ընկերության մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ այս կերպ «Yandex ID»-ն ուժեղացնում է օգտահաշիվների պաշտպանությունը հարձակումներից։ Այդ նպատակով հոկտեմբերից ծառայությունը կսկսի ոչ ակտիվ օգտահաշիվներ ունեցող օգտատերերին ծանուցել, որ եթե ցանկանում են շարունակել դրանք օգտագործել, ապա պետք է հաստատեն, որ դեռ օգտվում են ծառայությունից։ Ընկերությունն օգտատերերին կծանուցի նաև անվտանգության միջոցները բարձրացնելու անհրաժեշտության մասին:
Եթե ծանուցումից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում օգտատերը որևէ նոր գործողություն չանի ծառայությունում, ապա մի քանի ծանուցումներից հետո Yandex-ը կսկսի ջնջել ոչ ակտիվ օգտահաշիվները՝ առանց վերականգնման հնարավորության:
Օգտահաշիվը պահպանելու համար բավական կլինի, եթե դրանց տերերը ընդամենը մուտք գործեն Yandex-ի ցանկացած ծառայություն կամ կատարեն որևէ գործողություն այդ օգտահաշվի միջոցով. օրինակ՝ նամակ ուղարկեն, նոր լուսանկարներ կամ ֆայլեր պահպանեն Yandex Drive-ում և այլն։
«Նոր քաղաքականությունը նպատակ ունի բարձրացնել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը։ Օգտահաշվի սեփականատերերը հաճախ մոռանում են իրենց ստեղծած օգտահաշիվների մասին կամ կարող են զրկվել դրանց նկատմամբ հասանելիությունից։ Չգործող օգտահաշիվները հաճախ պաշտպանված են հին գաղտնաբառերով, դրանք ամենախոցելին են և, վտանգի ենթարկվելու դեպքում կարող են դառնալ անձնական տվյալներին հասանելիություն ստանալու աղբյուր կամ օգտագործվել անցանկալի կամ վնասակար բովանդակություն ուղարկելու համար»,- պարզաբանել է ընկերության մամուլի ծառայությունը։
