Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են սննդային էմուլգատորներ, որոնք բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը։ Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է միջինում 43 տարեկան ավելի քան 95 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք էին (79%)։ Գիտափորձի սկզբում կամավորների մոտ սրտանոթային խնդիրներ չեն հայտնաբերվել: Հետազոտության շրջանակներում առաջին երկու տարում նրանք գրանցել օրական օգտագործվող սննդամթերքի բոլոր տեսակների և խմիչքների անվանումներն ու ապրանքանիշերը, իսկ մասնագետները հաշվարկել են դրանցում սննդային հավելումների չափաբաժինը։
Յոթամյա հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծ քանակությամբ ցելյուլոզայի (E460–E468) գործածությունը կապված է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ:
Սննդի մեջ ճարպաթթուների մոնոգլիցերիդների և դիգլիցերիդների (E471 և E472) մեծ չափնաբաժինը բարձրացնում է սրտանոթային և ցերեբրովասկուլյար բոլոր հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Մյուս վտանգավոր բաղադրիչը, պարզվել է, տրինատրիումի ֆոսֆատն է (E339), որը նպաստում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը։
