83 տարեկան եմ, խանութից ինչ-որ բան եմ ուզում, ոտքերիս ցավի պատճառով չեմ իջնում․ իննհարկանի շենքում վերելակը չի գործում

Կոմիտասի 26/3 հասցեում գտնվող իննհարկանի շենքում օգոստոսի 2-ից վերելակը չի գործում։ Քաղաքապետարանը հին վերելակը փոխարինում է նորով։ Բնակիչներին հայտնել են, որ նոր վերելակների գործարկումը պահանջելու է ավելի քան 40 օր։

Սակայն այս օրերին հատկապես բարձր հարկերի բնակիչները դժգոհում են, քանի որ ստիպված են ամառվա տապին մի քանի անգամ աստիճաններով բարձրանալ եւ իջնել։

«Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ չեն եկել, նորոգման աշխատանքները չեն շարունակել։ Մենք իրենց ասել էինք՝ եթե հնարավոր է նորոգումը մաս-մաս հարկերով անեն, որ շատ չտանջվենք, գոնե մի հատվածը միայն աստիճաններով բարձրանանք, բայց չընդառաջեցին, քաղաքապետարանում էլ մեր բողոքներին լուրջ չեն վերաբերում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի 9-րդ հարկում բնակվող 82-ամյա Լաուրա Մարգարյանը։

Լաուրա Մարգարյանի հարեւանությամբ՝ կրկին շենքի ամենաբարձր հարկում միայնակ ապրում է 83-ամյա Արուսյակ Գրիգորյանը, որը նույնպես դժվարություններով է ունենում վերելակի բացակայության հետեւանքով։

«Ներքեւի հարկերի բնակիչների համար միեւնույն է, իրենք կարողանում բարձրանալ-իջնել, բայց մեզ համար շատ բարդ է, մենք ծեր ենք ու միայնակ, հիվանդություններ ունենք, մի կերպ ենք բարձրանում։ Լինում է՝ օրվա ընթացքում խանութից ինչ-որ բան եմ ուզում, ոտքերիս ցավի պատճառով չեմ կարողանում իջնել»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում