Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս:
Այս մասին այսօր 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներրի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:
Հովհաննիսյանը հավելեց՝ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար ևս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:
Տնտեսական աճի մասին երեկ Աժ–ում նույն քննարկման ժամանակ նշել էր նաև ՀՀ վարչապետը, նշելով․ «Արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՀ-ն շարունակում է մնալ բարձր տնտեսական միջավայրում։ Մենք այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամիսների արդյունքներով՝ մենք ունենք 2,8 տոկոս տնտեսական գնաճ, և կարևոր է արձանագրել, որ 2023 թվականի սեպտեմբերին արձանագրել ենք ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ»։
