Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:
«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտնել էր, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հիշեցնենք նաև՝ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կալանքից 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձերբակալվել էին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվել:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթով պարզվել է՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
