Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկժամանոց հարցազրույցը ընդհանուր գծերով բացահայտեց Արցախի՝ թղթերով դեռևս նախագահ Սամվել Շահրամանյանի կերպարը, և պարզ դարձավ, որ ի դեմս վերջինիս՝ Արցախը ֆորսմաժորային իրավիճակում ղեկավարել է կառավարչական տարրական կարողություններ չունեցող, մասնավորապես՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունը պատշաճ կազմակերպել չկարողացած, բանակցություններ վարելու անընդունակ, իրեն պարտադրված փաստաթղթերը առանց առարկելու ստորագրած գործչի հետ։ Վառ ապացույցը Շահրամանյանի հեղինակած՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին սկանդալայն հրամանագիրն է, իսկ նախքան այդ էլ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ Պաշտպանության բանակի զինաթափման և լուծարման, «ՀՀ զինված ստորաբաժանումների դուրսբերման» վերաբերյալ։ Այս ամենին պետական տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Շահրամանյանն ունի մեկ լալահառաչ պատասխան՝ «ստորագրել եմ, որ կյանքեր փրկեմ»։ Սա այն նույն Շահրամանյանն է, որը, հիշեցնենք, սեպտեմբերյան ագրեսիայից ընդամենը 9 օր առաջ որպես նախագահի թեկնածու ունեցած իր ելույթում խրոխտ հայտարարում էր, թե «ապագա նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը Արցախյան հակամարտության կարգավորման օբյեկտից բանակցությունների սուբյեկտ դարձնելը»։ Եվ այն հարցին, թե «արդյոք կարելի՞ է բանակցել մի կողմի հետ, որը ցանկացած պահի պատրաստ է քաղաքական և նաև ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ», նշում էր. «Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար»։ Փաստորեն, մեծ-մեծ բրդող Շահրամանյանն ու նրան նախագահի պաշտոնում կարգած ուժերը ոչ միայն չեն հաջողել իրենց քունքից իջեցնել տալ հրազենն ու բանակցել, այլև շարունակելով մնալ որպես «կարգավորման օբյեկտ»՝ գլխահակ կատարել են այն, ինչ պահանջել է ռուս-ադրբեջանական տանդեմը։
Հարցազրույցի եզրափակիչ մասում, ի պատասխան լրագրողի հարցի՝ որն է լինելու ձեր հաջորդ քայլը, որպես «օրակարգային հարց» Շահրամանյանը նշել է արցախահայերի վերադարձի շուրջ քննարկումներ սկսելը։ Սակայն նրա խոսքից տպավորություն ստեղծվեց, որ արցախահայության վերադարձի կազմակերպմամբ շահագրգռված է ոչ թե ինքը՝ որպես Արցախի ժողովրդին այս պահին դե յուրե առաջնորդող պաշտոնյա՝ պետության գլուխ, ոչ թե հենց իրենք՝ արցախցիները, այլ՝ աշխարհաքաղաքական կենտրոնները։ Եվ քանի որ ինքը՝ Արցախը այդպես էլ բանակցությունների սուբյեկտ դարձնել չկարողացած անձը, սովոր է այլոց ցանկություններին ենթարկվելուն ու նրանց կամքը կատարելուն, որպես «օրակարգային հարց» է դիտարկում արցախահայության վերադարձի շուրջ «ճանապարհների որոնումները»։ Եվ այս ամենը՝ ի կատարումն իր նշած կենտրոնների ցանկության բավարարման։ Հարցին՝ «վերադարձը Արցախ, Արցախը ի՞նչ կարգավիճակով»՝ հարցին Շահրամանյանն արձագանքել է. «Դա քննարկումների, բանակցությունների հարց է, ինձ թվում է՝ այդ հարցը՝ բնակչության վերադարձի հարցում շահագրգռված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը, որովհետև մեղադրանքներ են հնչում նաև միջազգային հանրությունից, որ իրենք նպաստել են հայ բնակչության բռնի տեղահանմանը։ Եվ այդ հարցի շուրջ ինձ թվում է՝ պետք է սկսել համապատասխան բանակցությունները»։ Այս բարդ ստորադասական նախադասության մեջ գեթ մեկ բառ, ինչպես տեսնում ենք, չկա այն մասին, որ վերադարձը իրենց պատմական հայրենիք առաջին հերթին արցախահայության և անձամբ իր՝ որպես պետության ղեկավարի, կամքն ու ցանկությունն է, և ինքը հետամուտ պետք է լինի այդ ցանկության իրականացմանը, քանի որ պատասխանատվություն է ստանձնել իր ժողովրդի նկատմամբ։ Մյուս հարցին՝ «ոչ ազատ, անկախ Արցախ դուք կվերադառնա՞ք», Շահրամանյանը նետել է. «Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պիտի լինի Արցախի կարգավիճակը, և ինչպիսին պիտի լինի Արցախը, որպեսզի և՛ ես, որպես արցախցի, և՛ իմ ընտանիքը կարողանա վերադառնալ»։ Իսկ թե ինչպիսին պիտի լինի այն Արցախը, որտեղ «լայաղ» կանի վերադառնալ Շահրամանյան ընտանիքը, այդպես էլ պարզ չի դառնում. «Ինձ թվում է, որ դրա մասին դեռ վաղ է ներկայացնել, քանի որ մեզ մեծ աշխատանք է սպասվում առջևում։ Էս պահին նման գործընթաց չկա, բայց նախադրյալներ ես տեսնում եմ, որ կլինի առաջիկայում սկսել էդ գործընթացը»։
Հարցազրույցի այս պարբերությունն ապացուցում է, որ ի դեմս Շահրամանյանի՝ արցախահայությունը չունի առաջնորդ, նախագահ, անգամ՝ պարետ, որը իրացնելով պետության գլխի իր պարտավորությունները՝ կառաջնորդեր իրենց տները վերադառնալ ցանկացողներին՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման կարևոր նախապայման։ Տպավորություն է, որ Շահրամանյանն իրեն ու իր ընտանիքի անդամներին չի համարում արցախահայության մեծ ընտանիքի անդամ, այլ որպես արտոնյալ՝ հատուկ կարգավիճակ ունեցողների, մտադիր է արցախցիներին տուն ուղարկել, բայց որպես «տան գլխավոր» չմիանալ նրանց, քանի որ ինքն ունի ի՛ր տեսլականը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Եվ ինքը Արցախ կվերադառնա միայն մի դեպքում, եթե իր տեսլականն իրականություն դառնա, ենթադրում ենք՝ Արցախը միջազգայնորեն ճանաչվի որպես անկախ պետություն։ Ի դեպ, այն Արցախը, որը հենց իր՝ Շահրամանյանի հրամանագրով է լուծարվել և այլևս հիշատակվում է «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»-ի կարգավիճակով։
Հ. Մ.
