Ինչ եղել է, նույնը լինելու է. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Ցեղшսպшնпւթյшնը նվիրված միջոցառումների մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ապրիլի 24–ին կազմակերպվող միջոցառմանը։

Հարցին՝ Կառավարությունը չո՞ւնի անելիք կապված Ցեղասպանության հիշատակի օրվա հետ, Խաչատրյանը նկատեց․ «Հարցը ճիշտ չի ձևակերպված, ամեն տարի կա այդ անելիքն ու շարունակվելու է»։

Դիտարկմանը, թե այդ օրվա միջոցառումները նախորդ տարիներին միշտ առանձնացված են եղել Կառավարության բյուջեում՝ չհաշված վերջին երեք տարիները, վերջինսը շեշտեց․ «Դուք սխալվում եք, որ առանձնացվել է բյուջեով, ներկայացրեք, ես էլ ներողություն կխնդրեմ ձեզնից, ինչպես միշտ, այնպես էլ այդ աշխատանքները կհամակարգվեն ու կկազմակերպվեն։ Չեմ նկարող ասել, թե կոնկրետ ինչ աշխատանքներն են կազմակերպվելու, բայց այն ինչ ամեն տարի եղել է բոլոր Կառավարությունների ծրագրում նախատեսված, նույն ձևով լինելու է»։

Անդրադառնալով «Մեր ժամանակների հերոս» և «Քաղաքացու օրը» տոներին, տեղակալը պարզաբանեց․

««Մեր ժամանակների հերոսը» ծրագիր է, որը իրականացվում է վարչապետի աշխատակազմի կողմից, և նախատեսված է իրականացնել անկախության օրը, այսինքն՝ Անկախությունը նշել այդ միջոցառման կազմակերպմամբ։ Այս տարի ևս նախատեսված էր, բայց հայտնի պատճառներով դա տեղի չի ունեցել, մյուս տարի ևս նախատեսվում է։ Միջոցառմանը նպատակը լուսաբանել և հանրայնացնել մարդկանց, որոնք որոշակի դժվարություններ հաղթահարելով ստեղծում ու արարում են»,– ասաց նա։

Ինչ վերաբերվում է «Քաղաքացու օրը» տոնին, Խաչատրյանի խոսքով, դա ևս իրականացվում է վարչապետի աշխատակազմի համակարգմամբ։ Դրա համար դա ուղիղ ձևով նշված է բյուջեում։

Կիսվել սոց․ ցանցերում