Քննարկվել են Արցшխից բռ նի տեղшհшնված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Ողջունելով մասնակիցներին` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նշել է. «Միջազգային գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս նաև հանդիպել ենք Եվրամիության դեսպանի հետ, որն առաջարկել է իրենց ներկայացնել Արցախից բռնի տեղահանված հայերի աջակցությանը վերաբերող առաջարկներ»:
Մասնակիցները խոսել են Արցախում հաշվառված պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով այսօր թե’ Արցախի և թե’ Հայաստանի սահմաններին գտնվող մշակութային ժառանգությունը հատուկ կառավարման և ներկայացման կարիք ունի: Այս համատեքստում բանախոսն առաջարկել է ստեղծել Հայաստանի լավագույն մասնագետներից կազմված գիտավարչական կենտրոն, որն այս ասպարեզում կիրականացնի մշակութային քաղաքականություն:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախից բռնի տեղահանված արցախցիների կորցրած սեփականությունը շուտափույթ և ճշգրիտ գույքագրելու գործընթացի մեկնարկին, փոխհատուցմանը, Արցախից բռնի տեղահանված ուսանողների հայաստանյան բուհեր ներգրավմանը, նրանց նկատմամբ արտոնությունների սահմանմանը, վարձավճարների երկարաժամկետ փոխհատուցմանը:
Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկած արցախցի յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է մինչև 70 հազար դրամ` ուսման և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձրացված հարցերի վերաբերյալ բազմաթիվ դիրքորոշումներ և առաջարկներ ներկայացնելու համար և նշել, որ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո կփոխանցվեն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտություն կա նմանատիպ քննարկում կազմակերպելու նաև պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կիսվել սոց․ ցանցերում