«Կառավարության որոշում կա, որ մինչև 2027 թիվը Գյումրիի անօթևանների խնդիրը լուծվելու է»,- Civic.am-ի եթերում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Պատգամավորը նշեց, որ 2024 թվականի բյուջեով 1,4 մլրդ դրամ կհատկացվի այդ ծրագրի համար։ Ծրագիրը շարունակվելու է նաև հաջորդ տարիների ընթացքում՝ մինչև 2027 թվականը։ 2025-ին 2,5 մլրդ դրամ է հատկացվելու, 2026-ին՝ 2,1 մլրդ։
Պատգամավորը նշեց, որ 1000-ից ավելի քաղաքացիներ այսօր Գյումրիում տնակներում են ապրում, որոնց մի մասի հանդեպ պետությունն ունի պարտավորություն՝ նրանք երկրաշարժի հետևանքով են հայտնվել տնակներում։ Այդ քաղաքացիներին կտրամադրվի բնակարանների գնման վկայական, իսկ այն ընտանիքները, որոնք այլ պատճառներով են հայտնվել տնակներում, նրանց խնդիրը կլուծվի սոցիալական բնակարաններ տրամադրելու եղանակով։
«Մենք ասում ենք ժամանակավոր կացարան, բայց 35 տարին ի՞նչ ժամանակավոր։ Էդ ժամանակավոր կացարան չի, մշտական բնակության վայր է, որը ժամանակավոր կացարանում է եղել, ու 35 տարվա ընթացքում էնքան բաներ են եղել, որ ստանդարտ լուծումներով առաջ գնալ չի լինի։ Դեպքեր են լինելու, որ էդ ստանդարտ դեպքերից էլ է պետք լինելու շեղվել։ Անհատական, ամեն ընտանիքի դեպքը ուրիշ է»,- ասաց պատգամավորը։
Դավիթ Առուշանյանն անդրադարձավ նաև Գյումրու վթարային շենքերի խնդրին։ Ասաց, որ Տիգրան Մեծ 5 շենքը պատմական շենք է, որը վերականգնվելու է, իսկ Անտառավան 26-ը վերականգնել հնարավոր չէ՝ այլ լուծում են տալու։
«Անտառավան 26 շենքը 56 բնակարան ունի, և երբ ես բարձրացրեցի այդ հարցը, պարզվեց, որ կառավարությունը երկու անգամ գումար է հատկացրել, սակայն բնակիչների անհամաձայնությունների պատճառով գումարները հետ են եկել։ Հիմա էդ շենքում բնակվում է 10 ընտանիք։ Բացի վթարային ու վտանգավոր լինելուց, այդ շենքում չկա ջուր, չկա կոյուղի։ Մենք առաջին փուլով էդ 10 ընտանիքի խնդիրն ենք լուծելու, որպեսզի դուրս գան այդտեղից, բայց մյուսների հարցը չի փակվելու։ Հաջորդ փուլով մյուս 46-ի խնդիրն ենք լուծելու, ովքեր կա՛մ վարձով են ապրում, կա՛մ դուրս են եկել և այլ վայրերում են բնակվում»,- ասաց Առուշանյանը։
Պատգամավորը նշեց, որ ոչ միայն Գյումրիի, այլև հանրապետության վթարային շենքերի 70 տոկոսի հարցը մինչև 2027 թվականը լուծված կլինի։
Առուշանյանն ասաց, որ գյումրեցիները մտավախություն ունեին, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները կարող են իրենց խնդիրները երկրորդ պլան մղել, սակայն վերահաստատեց, որ 2021 թվականի կառավարության որոշումը՝ լուծել Գյումրիի անօթևանների խնդիրը, չի փոխվել։
Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային խնդիրներին՝ Առուշանյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ կառավարության նախորդ ժամանակաշրջանի գործունեությունն ապացուցում է, որ Արցախի մեր հայրենակիցները խնդիրներ չեն ունենալու՝ աշխատանքի, ուսման, քաղաքացի դառնալու կամ բնակարանով ապահովվելու առումով։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան
