Այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին խնդրեց ներկայացնել Արաքս գետի աղտոտվածության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները՝ նշելով, որ իրանցի գործընկերների հետ իր վերջին հանդիպումների ժամանակ այս հարցն անընդհատ քննարկվում է, բայց իր տպավորությամբ՝ մինչև Հայաստանի տարածք մտնելն է գետն արդեն աղտոտված։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ Արաքս գետի խնդիրների հետ կապված իրենք Իրանի իրենց գործընկերների հետ շատ ակտիվ աշխատում են։
«Ես սեպտեմբերին եմ եղել Իրանում, մենք ակտիվ քննարկում ենք, սպասում ենք նաև մեր գործընկերների այցին Հայաստան, այդ թվում նաև համատեղ մոնիթորինգի մեր աշխատանքները վերականգնելուն։ Ասեմ, որ մենք գրեթե ամսական կտրվածքով մոնիթորինգ իրականացնում ենք, իհարկե նաև տվյալներ ունենք, որոշակի վերլուծությունների արդյունքներով գիտենք, որ Արաքս գետը աղտոտվում է ոչ միայն կամ ոչ առաջին հերթին այստեղ, այլ ջուրն աղտոտված է լինում մինչև Հայաստանի սահման հասնելը։ Բայց, իհարկե, ամենակարևոր գործընթացը մեր համատեղ աշխատանքի, մեր համատեղ մոնիթորինգի պրոցեսը կլինի»,- ասաց նախարարը։
Նա նաև վստահություն հայտնեց, որ արդեն շատ երկար տարիներ ձգձգվող խնդիրը ոչ ուշ ապագայում կլուծեն։
Գևորգ Պապոյանի երկրորդ հարցը վերաբերում էր Արարատյան դաշտի ձկնաբուծարաններին։ Նա նշեց, որ վերջերս մի հետազոտություն է կարդացել, որը բավականին սարսափեցնող էր. խոսքը այն մասին է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերը, որոնք դուրս են հանում ձկնաբուծության համար, երկրաշարժի իրական սպառնալիք են, այսինքն՝ ապարների միջից այդ ջրի մեծ ծավալի դուրս գալը կարող է նույնիսկ հանգեցնել սալերի տեղաշարժի, և եթե Արարատյան դաշտում այդպիսի բան տեղի ունենա, հասկանալի է՝ ինչպիսի աղետալի հետևանքներ կլինեն, և հարցրեց, թե այս ուղղությամբ ինչ են անում։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ իհարկե ձկնաբուծարանների մասին արդեն հայտնի է, և ավելի շատ են խոսում այդ խնդրի մասին, բայց իրենք առհասարակ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պահպանման լուրջ խնդիր ունեն և այս ուղղությամբ համալիր գործողություններ են անում։
Այնուհետև նախարարն ասաց, որ հիմա Ջրային օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում կքրեականացվի Արարատյան դաշտավայրում խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը։
Մանրամասները՝ տեսանյութում
