ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ուսումնասիրվելու է բռնпւթյшն տեսանյութը. Բաքոյան

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, արձագանքելով երեխայի բռնության տեսարաններով տեսանյութին, հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը, վերլուծել նման անթույլատրելի երևույթների առաջացման խորքային պատճառները:

Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հավելելով, որ պատրաստվում է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հարկ է փաստել, որ նման երևույթը անընդունելի է իրավական պետությունում, ուր պետք է ճանաչվի կոնվենցիոն հայտնի դրույթը առ այն, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում»,- գրել է Բաքոյանը։

Նշենք, որ համացանցում տարածվող տեսանյութում կինը (ենթադրաբար՝ երեխայի մայրը) ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքլով երեխայի վրա:

Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Այս ամենը կինն անում է միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:

Համացանցում արագորեն տարածված և մեծ աղմուկ բարձրացրած այդ տեսանյութում պատկերված կինը, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ ոստիկանությունում է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էլ սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկել՝ տարածված տեսանյութի իրավական ընթացքն ապահովելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում