Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի դшտшհпգեբпւժական փորձաքննության եզրակացությունը

Ինչպես հայտնել ենք, Բաքվում այսօր շարունակվել է Վագիֆ Խաչատրյանին առնչվող հերթական դատական նիստը:

Դատարանում հրապարակվել է նրա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

«Գործով նշանակված 2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 2621 համապարփակ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Վագիֆ Խաչատրյանը չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ։ Նաև Վ.Խաչատուրյանի կողմից այն արարքների ժամանակ, որոնց համար իրեն մեղադրանք է առաջադրվել, որևէ հոգեկան հիվանդության կամ հոգեկան ժամանակավոր շեղման նշաններ չեն եղել։ Նա հասկացել է իր գործողությունների իրական բնույթն ու հասարակական վտանգավորությունը։ Ուստի պետք է ենթադրել, որ Վ. Խաչատրյանը բացարձակ գիտակցաբար կատարել է բոլոր այն արարքները, որոնցում իրեն մեղադրում են, նա եղել է մեղսունակ»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նիստի ժամանակ հայտարարվել է՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Պետական մեղադրողը դատարանից այսօր ժամանակ է խնդրել իր ճառին պատրաստվելու և վերջնական ելույթի համար։

Հաջորդ հանդիպումը նշանակված է վաղը՝ նոյեմբերի 7-ին, որի ժամանակ էլ մեղադրող կողմը կհայտարարի պահանջվող պատժի սահմանաչափի մասին:

Հիշեցնենք՝ այս շինծու գործով իբրև «տուժող» է ճանաչվել է 59 մարդ, որոնց մեծ մասը նախորդ դատական նիստերի ժամանակ ցուցմունքներ է տվել:

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Կիսվել սոց․ ցանցերում