Երեխային ավելի եք վնասում, դադարեք տեսանյութը տարածել․ Տաթևիկ Ստեփանյան

Ընկերներ ջան, խնդրում եմ ջնջել այդ տեսանյութը ձեր էջերից, հորդորեք բոլոր տարածողներին ջնջել: Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

 

«Երեխային ավելի եք վնասում` ենթարկելով նրան կրկնակի զոհականացման:

 

Քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։

 

Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյութում երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախարովելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։

 

Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ»,- գրել է նա։

 

Նա նաև հավելել է, որ երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ինքը և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինեն ներգրավված:

 

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։

Կիսվել սոց․ ցանցերում