Գլխավոր դատախազը կարող է դիմել ԱԺ՝ Լևոն Քոչարյանին նորից կալանավորելու միջնորդությամբ․ սահմանադրագետ

Ինչպես հայտնի է՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր ԿԸՀ որոշմամբ ստացել է պատգամավորական մանդատ՝ համալրելով ԱԺ «Հայաստան» խմբակցության շարքերը։

Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում ունի, որով սահմանված է ընթացակարգ, որ նա պետք է ըստ էության ազատ արձակվի․ «Սահմանադրության համապատասխան նորմերին ՍԴ տված մեկնաբանության համաձայն՝ եթե պատգամավորի լիազորությունները ստանձնած անձը նախքան պատգամավոր դառնալը ներգրավված է որպես մեղադրյալ որևէ քրեական վարույթում՝ նրա դատավարական կարգավիճակի փոփոխության մեջ ԱԺ-ն որևէ անելիք չունի։ Սակայն եթե անձի նկատմամբ նախքան պատգամավոր դառնալը կիրառվել է կալանք, ապա ՍԴ որոշման ուժով անձը ազատվում է կալանքից, բայց  գլխավոր դատախազը իրավունք ունի ԱԺ միջնորդագիր ներկայացնել անձին կալավորելու համար»։

Խալաթյանը նշեց, որ դա դատախազի պարտականությունը չէ, այլ վարույթի շահերից կարող է բխել նրա՝ ԱԺ միջնորդություն ներկայացնելը․ «Այսինքն՝ քրեական վարույթը բնականաբար չի կարճվում, գործի նախաքննությունը շարունակվում է, բայց իր ազատությունից զրկելու հետ կապված խնդիրը պետք է ԱԺ-ում քննարկվի»։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել և կալանավորվել և նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նշենք, որ մեզ հետ զրույցում  Գլխավոր դատախազությունից այսօր հրաժարվեցին հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

Կիսվել սոց․ ցանցերում