Թեև նախկին իշխանության «գերագույն-գլխավոր շախմատիստի» կոչումը Սերժ Սարգսյանինն էր, սակայն Ռոբերտ Քոչարյանն էլ, երբ կարիքը ստիպում է, կարող է շախմատային քայլ անել ու քաղել դրա պտուղները։ Սակայն միայն նեղանձնական, մասնավոր կարիքների, այն է՝ որդուն կալանքից ազատելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դոկտոր Արմեն Չարչյանի կողմից մանդատը վայր դնելու «օպերացիան», դրան էլ հաջորդած՝ նախընտրական ցուցակի հաջորդ համարների (Միհրդատ Մադաթյան, Անժելա Նալբանդյան, Գերասիմ Վարդանյան) մանդատից հրաժարումները Քոչարյանի կամ նրա հետ աշխատող թիմի ցուցաբերած շախմատային «տաղանդի» մասին են վկայում, անշուշտ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալի կարգավիճակից ազատելու նպատակով իրագործված «Операция ы»-ից հետո։ Հիշեցնենք, որ նախկին նախագահի փաստաբանական թիմը իր պաշտպանյալին արդարադատությունից փրկելու համար բազմակոմբինացիոն պլան էր մշակել. 2019 թ. մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու նախկին նախագահին առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին ՔՕ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Մի դիմում էլ ներկայացրել էին Քոչարյանի փաստաբանները։ Եվ ահա 2021 թ. մարտի 26-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընթաց շրջանում, ՍԴ-ն վիճարկվող 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Ապրիլին արդեն դատարանի որոշմամբ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահն այսպիսով «մաքրվեց» Մարտի 1-ի ոճրագործության արյունից։
Փաստորեն, հերթն այժմ որդի Քոչարյանի ազատության համար «փրկագին» վճարելունն էր, որն էլ իրագործվեց սահուն և անխոչընդոտ։ Լևոն Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընդդիմության հրավիրած ցույցի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, նա ոստիկանություն բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին, ապա մեկ ամսով կալանավորվել։ Հոկտեմբերի 19-ին էլ հայտնի դարձավ, որ դատարանը երկու ամսով երկարացրել է կրտսեր Քոչարյանի կալանքի ժամկետը, ինչը, նկատենք, բավական երկար ժամկետ է պալատական փափուկ կյանքին սովոր, ազատ երկրում ապրող նախագահի որդու համար։ Հենց այստեղ է, որ պետք եկավ ամենափրկիչ մանդատը, որը Քոչարյան կրտսերը չէր ստանա, և հենց այդ հիմքով կալանքից ազատվելու հեռանկարը չէր ուրվագծվի, եթե ժամանակին՝ նախընտրական ցուցակը կազմելիս, ավագ Քոչարյանը հեռատեսություն ցուցաբերած չլիներ՝ որդուն ևս ներառելով ցուցակի պատվավոր 50-րդ համարում։ Նշենք, որ Լևոն Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը։
Ի դեպ, Արմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելու մասին մամուլում գրվեց դեռևս ս.թ. հունվարին, երբ ՀՀ գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին: Իր հերթին կալանք կրած բժիշկ-պատգամավորը, սակայն, չէր շտապում հրաժարվել թանկարժեք մանդատից։ Հուլիսին արդեն, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Չարչյանի նկատմամբ գործունեության անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցեց, կրկին սկսվեց շրջանառվել Քոչարյանի բժշկի մանդատից զրկվելու մասին թեման։ Եվ միայն հոկտեմբերի 20-ին, երբ արդեն հայտնի էր Լևոն Քոչարյանի կալանքի երկարաձգման մասին դատարանի որոշման մասին, մերձքոչարյանական կայքը անոնսեց. «Արմեն Չարչյանն առաջիկայում մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը և զբաղվել բացառապես մասնագիտական գործունեությամբ»: Կայքի հետ զրույցում, ի դեպ, Չարչյանը չէր մեկնաբանել տեղեկությունը՝ ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով այն: Հայտնի բժիշկը վճռական որոշումը կայացրեց միայն հոկտեմբերի 23-ին, որը ժամանակային առումով դժվար է զուգադիպություն համարել։ Ի դեպ, դոկտոր Չարչյանը պատահական մարդ չէ Քոչարյան ընտանիքի համար. հիշեցնենք՝ երբ «Մարտի 1»-ի գործով Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, և դատարանը նրա նկատմամբ կալանք կիրառեց, որոշ ժամանակ անց նրան տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ, որի տնօրենն էր ինքը՝ Չարչյանը։ 2019 թ. հոկտեմբերի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Ռ. Քոչարյանին «Իզմիրլյան»-ում վիրահատել են, նախկին նախագահի մոտ, ինչպես Լևոն Քոչարյանն էր հայտնել, բարորակ ուռուցք էր հայտնաբերվել։
Ամիսներ անց՝ 2020-ի մայիսին, Ռ. Քոչարյանը կրկին «Իզմիրլյան» տեղափոխվեց։ Չարչյանն այդ ժամանակ հայտնել էր. «Քոչարյանի առողջական վիճակում, ճիշտ է, դրական տեղաշարժ կա, սակայն նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել»։ 2020 թ. հունիսի 19-ին կալանքի հետ հաշտվել չցանկացող նախկին նախագահը գրավի դիմաց ազատ արձակվեց՝ բուժումը շարունակելով դարձյալ նույն՝ դոկտոր Չարչյանի գլխավորած հիվանդանոցում՝ «Իզմիրլյան»-ում։ Հետագայում, երբ հայտնի բժիշկը ընդգրկվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, հանրության շրջանում մեկնաբանություններ հնչեցին՝ Քոչարյանն այսպիսով հատուցում է իրեն նեղ պահին օգնած՝ կալանքից փրկած բժշկին։
Նկատենք, որ Չարչյանի բարոյական քայլը՝ մանդատից հրաժարվելը, պետք է ունենար շարունակություն, և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարներին այլ բան չէր մնում, քան Լևոն Քոչարյանի ազատության «փրկագնի» վճարումը գլուխ բերելը՝ մանդատներից հրաժարվելու մասին դիմումներ գրելը։ Անկուսակցական, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը երկու օր առաջ այսպես էլ հիմնավորել. «Իմ որոշումը կապված է մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է»։ «Հայաստան» դաշինքին մաս կազմած՝ Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ փոխնախագահ, 2022-ին խորհրդարանական ընդդիմության կողմից ՀՌՀ թեկնածու առաջադրված, Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը հիմնավորել է՝ «հաշվի առնելով Ազգային ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը»: Երրորդ չկայացած ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ այսպես է մեկնաբանել մանդատից իր հրաժարումը՝ «նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում։ …Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում»։ Թե որոնք են եղել այդ «որոշ հանգամանքները», որոնք ստիպել են անկեղծացած ՀՅԴ-ականին հրաժարվել մանդատից և պայքարի դաշտում «նոր մարտավարական» դիրք որդեգրել՝ կարելի է ենթադրել՝ «Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարի որդու ֆիզիկական ազատությունը։
Նկատենք, որ Լևոն Քոչարյանը լինելու է «Հայաստան» խմբակցության հերթական պատգամավորը, որին պատկանող գույքի ծագման օրինականությունը վիճարկվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հիշեցնենք, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ։
Հ. Մանուկյան
