Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ շինծու գործով մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստն է։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվաիջոցները, դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Սեքսենտ Սուլթանովը ելույթ է ունեցել և պահանջել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Պաշտպանը հանդես կգա ի պաշտպանություն Խաչատրյանի, որի համար խնդրել է ժամանակ, իսկ վերջին խոսքը կտրվի Վագիֆ Խաչատրյանին։
Այսօր սպասվում է դատարանի վճիռը: Հայտարարվել է ընդմիջում մինչև 14:00-ն:
Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
