Ինչու՞ է դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել հենց 15 տարվա шզшտшզրկում

Ինչպես հայտնել ենք, Բաքվում շարունակվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ կեղծ և շինծու մեղադրանով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստը:

Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով` պահանջելով Վագիֆ Խաչատրյանին 15 տարի ժամկետով զրկել ազատությունից։

Իհարկե, մեղադրանքը հորինված է և հեքիաթի ժանրից, սակայն, այնուամենայնիվ, այն համարվում է չափազանց ծանր հանցագործոթյուն:

Դատարանում որպես «տւժող» ներկայացված և Խաչատրյանի դեմ ցուցմունք տված մի քանի տասնյակ անձինք դժգոհել են,, թե ինչու է Մեշալիում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա պատիժ պահանջվել, այլ ոչ՝ ավելի երկար ժամկետով:

Բանն այն է, որ նրան մեղադրանք է առաջադրվել ցեղասպանության, խաղաղության դեմ հանցագործությունների մեջ, և դրա համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Սակայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունն արգելում է 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։ Վագիֆ Խաչատրյանի 65-ից բարձր տարիքի պատճառով հնարավոր չէ նրան ցմահ ազատազրկման դատապարտել։

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վագիֆ Խաչատրյանն այս արարքները կատարել է դեռ 1991թ. Ադրբեջանի օրենսդրության համաձայն, որը գործում էր մինչև 2014 թվականը, երբ խաղաղության դեմ հանցագործությունների համար պատժի սահմանաչափը 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկումն էր։

Համաձայն միջազգային կոնվենցիաների, որոնց միացել է Ադրբեջանը, անձը պետք է պատժվի հանցագործությունը կատարելու պահին գործող օրենսդրությանը համապատասխան։ Այսինքն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ արարքի կատարման պահին գործող օրենսդրությամբ սահմանված պատիժը իրավական տեսակետից համապատասխանում է պահանջներին։ Ուստի դատախազը խնդրել է, որ Մեշալիի միջադեպի համար մեղավոր ճանաչված տղամարդը դատապարտվի 15 տարվա ազատազրկման՝ օրենքով թույլատրված առավելագույն պատիժը իրեն առաջադրված մեղադրանքի համար։

Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր անձանց համար ծանր հանցագործությունների համար առավելագույն պատիժ է համարվում 20 տարվա ազատազրկումը։

Հիշեցնենք՝ դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Պաշտպանը հանդես կգա ի պաշտպանություն Խաչատրյանի, որի համար խնդրել է ժամանակ, իսկ վերջին խոսքը կտրվի Վագիֆ Խաչատրյանին։

Այսօր սպասվում է դատարանի վճիռը: Հայտարարվել է ընդմիջում մինչև 14:00-ն՝ պաշտպանի ճառի նախապատրաստության համար:

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Կիսվել սոց․ ցանցերում