Վագիֆ Խաչատրյանին վերջին խոսքի իրավունք է տրվել, դատարանը հեռացել է՝ վճռի կայացման. ինչ է նա ասել

Ընդմիջումից հետո շարունակվում է շինծու մեղադրանքներով Մեշալի գյուղում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատավարությունը:

Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, ով իր ելույթում, պահելվ զուտ ձևական կողմը, խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։

Այնուհետև վերջին խոսքի իրավունք է տրվել դատական այս ֆարս հետևանքով մեղադրյալի աթոռին հայտնված Խաչատրյանին:

Նա նշել է, որ ամբողջ դատավարության ընթացքում ինչպես պնդել է, հիմա էլ հաստատում է՝ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել է արդարացնել իրեն:

Դատավորները անցել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը կազմելու, այնուհետ հրապարակելու համար:

Ինչպես հայտնել ենք, Բաքվում շարունակվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու համար կեղծ և շինծու մեղադրանքով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով հերթական դատական նիստը:

Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով՝ պահանջելով Վագիֆ Խաչատրյանին 15 տարի ժամկետով զրկել ազատությունից։

Դատախազն իր ճառում հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Կիսվել սոց․ ցանցերում