Շատ հավելվածներ սմարթֆոնում տեղադրելու ժամանակ պահանջում են, որպեսզի օգտատերը դրան թույլ տա հասանելիություն ստանալ սմարթֆոնի խոսափողին։ Դա հնարավոր վտանգ կարող է պարունակել, քանի որ շատ օգտատերեր չեն կարդում հավելվածի տեղադրման պայմանները և դրան հասանելիություն են տրամադրում խոսափողին՝ չհասկանալով դրա հետևանքները։
Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ նման փաստաթղթերում սովորաբար նշվում է, որ հավելվածը կարող է հավաքել ձայնային տվյալներ և դրանք փոխանցել երրորդ կողմի:
Ուլյանովն ընդգծել է, որ խոսափողին հասանելիություն պետք է տրամադրել միայն այն հավելվածներին, որոնք առանց դրա չեն կարող գործել։ Սակայն հիմնական պայմանը ծրագրի և դրա մշակողների նկատմամբ վստահությունն է։ Փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել սմարթֆոնի կարգավորումները և չեղարկել կասկածելի թույլտվությունները։
Նա նաև նշել է, որ դեպքերի մեծ մասի պարագայում մշակողների կողմից հավաքված տվյալների օգտագործումը վնաս չի պատճառի սմարթֆոնի տիրոջը։ Այս տվյալները սովորաբար օգտագործվում են ծրագրի աշխատանքը բարելավելու և թիրախային գովազդ ցուցադրելու համար: Այնուամենայնիվ, կա վտանգ, որ ձայնային տվյալները հայտնվեն չարագործների ձեռքում, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների, այդ թվում՝ ստացված տեղեկությունների հիման վրա օգտատերերից գումար շորթելը։
Հետևաբար, խորհուրդ է տրվում զգույշ լինել սմարթֆոնի խոսափողին հասանելիություն տրամադրելիս և ուշադիր վերանայել հավելվածների թույլտվությունները, հատկապես երբ կասկածներ կան:
Ավելի վաղ ինֆորմացիոն անվտանգության հարցերով զբաղվող ESET ընկերության մասնագետները Google Play-ում հայտնաբերել էին «iRecorder — Screen Recorder» հավելվածը, որը 2022-ի օգոստոսից լրտեսում էր օգտատերերին, ձայնագրում նրանց խոսակցությունները և դրանք ուղարկում հարձակվողներին։
