Համաշխարհային բանկը նոր վերլուծական զեկույցով Հայաստանին առաջարկում է պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ճանապարհներ՝ անդրադառնալով նաև Հայաստանի ֆիսկալ ցուցանիշների բարելավմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն. Ծախսերի արդյունաբետության բարելավում» խորագրով զեկույցը պաշտոնական միջոցառման ընթացքում ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակը:
«Ծախսերի արդյունավետության բարձրացումը մեզ համար չափազանց կարևոր նպատակ է: Եվ մենք այս ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում մեր միջազգային գործընկերների հետ միասին: Եվ ունենք խորը գիտակցում այս հարցի կարևորության վերաբերյալ, որովհետև գիտենք՝ եթե մենք այս ուղղությամբ տեսանելի աշխատանք չկատարենք, ապա չենք կարող երկարաժամկետ հատվածում լինել մրցունակ և հասնել ի վերջո բոլորիս երազանքներին»,-ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի գնահատմամբ՝ զեկույցը շատ կարևոր նշանակություն ունի կառավարության համար, այն նաև ավելի լայն տեսադաշտ է բացում՝ ավելի լավ հասկանալու խնդիրները և թե ինչ ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել:
«Պետք է փաստենք, որ վերջին տարիներին մեր եկամուտներն ու ծախսերն ավելի արագ են աճել, քան թիրախային ծրագրեր մշակելու մեր պետական համակարգի կարողությունները: Սա ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարևոր քայլեր արդեն իրականացրել ենք՝ այս բացը լրացնելու ուղղությամբ, սակայն, առաջիկայում մեր քայլերը պետք է բազմապատկենք»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
