«10 րոպե առաջ էի տնից դուրս եկել, գնացել էի կազմակերպություն: Հաշմանդամություն ունեցող կար, եկել էր, սայլակ էի տալու: Մեկ էլ հարևանը զանգեց, թե ձեր բակից ծուխ է նկատվում, մտածել էր՝ տերև եմ վառել: Ասացի՝ տանը մարդ չկա, ի՞նչ ծուխ ու գնացի: Մինչև հասա՝ արդեն ծուխը հասել էր տանիքին»:
30 տարուց ավելի այլոց տանիք տված ու հենարան դարձած «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանը մեկ շաբաթից ավելի է՝ սեփական տանն ապրելու հնարավորությունից զրկված է:
Նոյեմբերի 7-ին բռնկված հրդեհից այրվել են Նիկողոսյանի տան փայտե տանիքն ամբողջությամբ և պատերից մեկը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ որոշակի վնասվել է ներսում առկա գույքը: Կրակը հարևանի տան տանիքին էլ է հասել:
Թե ինչի՞ց է ծագել հրդեհը, տիկին Արմինեն չի էլ պատկերացնում: Մասնագետները նախնական եզրակացությամբ ասել են, որ երեկոյան դրսում վառվող լույսի՝ սնուցող մալուխի հետ կապված խնդիր է առաջացել. կարճ միացում է եղել: Նիկողոսյանն էլ նշում է՝ հազարից մեկ են օգտվել այդ լույսից:
Տունը, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող տիկին Արմինեն, գտնվում է Գյումրու Ավստրիական թաղամասի Մոցարտի փողոցում: Այս թաղամասը հատուկ հարմարեցում ունեցող տներով Գյումրուն 1988-ի աղետից հետո Ավստրիայի կառավարությունն է նվիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Տանիքի վերականգնման համար պահանջվող գումարը չափազանց մեծ է անվասայլակով տեղափոխվող կնոջ համար: Այս անցնող օրերին արդեն շատերից է պարտքով գումար վերցրել, որպեսզի կարողանա բանվորներ վարձել՝ այրված կառուցատարերը, մոխրացած փայտերն ու անպիտան դարձած գույքը տանիքից հեռացնելու համար:
«Օրը 5000 դրամ տալիս ենք բանվորներին, որ հավաքեն, հեռացնեն դրանք: Հիմա այդ աղբը հավաքել, կուտակել են մեր տան դիմաց՝ հենց փողոցի վրա: Խնդրելու եմ, որ քաղաքապետարանը գա, գոնե դա տանի: Եկան ոստիկանությունից, վնասը գնահատեցին 2 մլն 500 հազար դրամ, էդ թուղթը ներկայացրել եմ քաղաքապետարան, մարզպետարան:
Շինարարներ ենք հրավիրել, նայել են, հաշվել: Մինչև 4 մլն դրամ գնահատեցին, որ պատրաստի տանիքը սարքեն ու տան մեզ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նիկողոսյանը:
Այս օրերին աշխատանքը «Փյունիկ»-ում չի դադարեցրել, սակայն զգում է, որ գերլարված վիճակում է հայտնվել: Տղայի հետ եղբոր տանն է հիմա բնակվում: Տունը երկրորդ հարկում է, ինչը լրացուցիչ խնդիր է հարուցում՝ սայլակով նրան վերև բարձրացնել-իջեցնելու հետ կապված:
Նիկողոսյանն ասում է՝ այլ հարցեր էլ կան:
«Շատ դժվար է, շատ: Որ ասեմ ամսի 8-ից չեմ քնել, հավատացեք: Ամբողջ օրը սայլակի վրա եմ: Մեր տունը հարմարեցված բնակարան է, ես տանը հանգստանում էի, հանում էի պրոթեզները, հիմա այլ է: Չգիտեմ, նաև էդ անհանգստությունը, գումարի ծախսը, իմ մտածմունքը»,- անկեղծանում է Գյումրու և մարզի հաշմանդամություն ունեցող անձանց՝ գրեթե բոլորի ընտանիքներում իր ազդեցիկ ներդրումն ունեցած կինը:
Հրդեհի մասին տեղյակ է պահել Շիրակի մարզպետարանին, Գյումրու քաղաքապետարանին, աջակցության խնդրանքով դիմումներ գրել երկու կառույցին էլ, տարբեր բարերարների էլ: Ասում է՝ հույսը չի կտրում: 30 և ավելի տարի բոլորին օգնել է, վստահ է, որ մի մեկն էլ իրեն է օգնության ձեռք մեկնելու այս ծանր պահին:

«Շատ եմ անհանգստանում, ձյուն է գալու շուտով, ու ես դեռ ոչինչ չեմ կարողացել անել: Միայնակ աշխատողի համար անհրաժեշտ գումարը շատ-շատ է: Գոնե փոքրիկ գումար լինի՝ աշխատանքը սկսենք: Իմ հույսը քաղաքապետարան, մարզպետարանն է, մինչև բարերարներ գտնվեն, որ փորձությունից դուրս գանք: Այս մեկը մենակ հաղթահարել չեմ կարող»,- ասում է նա:
