Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ստիպելլ նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է խորացնել ԼՂ-ում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողություն իրականացնել»,–նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
