«Սիրելի հայրենակիցներ, այսօր պատգամավորական երդումից հետո Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին: Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար»:
Չեք հավատա, բայց այս խոսքերի հեղինակը ոչ թե հանգամանքների բերումով պատգամավոր դարձած ՀՀ որևէ ստաժավոր իրավապաշտպան է, իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ պայքարում թրծված փաստաբան կամ իշխանության ռեպրեսիաների դեմ անդուլ պայքարած քաղակտիվիստ, այլ… այդ ռեպրեսիաների, ապօրինությունների, հետապնդումների, խոսքի ազատության կոխկրտման, մի խոսքով՝ երկիրը «37» թվի ոգով ու մոտիվներով կառավարած Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին։ Իսկ թե ովքեր են ապօրինի կալանք կրողները, և հատկապես քանիսն են նրանք, ինչ ապացույցների հիման վրա է, որ պետք է նրանց կալանքը համարել ապօրինի՝ նորաթուխ պատգամավորը չի նշել։ Հետևապես նրա խոսքերը պետք է ընդունել որպես զրպարտություն և իրավապահ համակարգը միտումնավոր անվանարկելու հայտարարություն՝ դրանից բխող հետևանքներով։
Լևոն Քոչարյանն այն երիտասարդն է, որը, հիշեցնենք, իր տարեկից «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչների հետ վայելում էր հոր դիզած ճոխ ապրուստն ու «քեֆ քաշում», երբ ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ ունեզրկվում էին ու տնավեր արվում։ «Պետության կարիքների զոհեր» անունով ՀԿ-ի մասին մի գիշերվա մեջ հրեշտակի թևեր ձեռք բերած Լևոն Քոչարյանը, վստահ ենք, գոնե մեկ անգամ լսել է։ Եվ եթե լսել է, ապա երևի տեղյակ կլինի, որ այդ զոհերից շատերը իր հոր իրականացրած «բիզնես-պրոյեկտի» հետևանքով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ գործերից մեկով ՄԻԵԴ վճռով, օրինակ («Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»), դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Յուրի Վարդանյանին վճարել 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում: Եվ այս փոխհատուցումը վճարվել է ոչ թե Քոչարյանի անձնական քսակից, այլ… ՀՀ պետական բյուջեից։ Լևոն Քոչարյանը, հուսանք, ապօրինությունների դեմ իր պայքարում չի մոռանա հատկապես այս գործերով իրականացված ապօրինությունների, դրանց պատվիրատուի ու պատասխանատուների հարցը բարձրացնել՝ սկսելով սեփական հայրիկից։
Նորաթուխ պատգամավորի հոգին մի քիչ էլ պղտորենք ու հատուկ նրա համար նշենք, որ իր հոր պաշտոնավարման օրոք տասնյակ քաղաքացիներ ոչ միայն ապօրինի ձերբակալվում, կալանավորվում էին, այլև անազատության էին դատապարտվում արտակարգ ռեժիմում գործող դատարանների կողմից կայացված վճիռներով։ Առաջարկում ենք Լևոն Քոչարյանին պատգամավորական գործունեությունն օպտիմալ օգտագործել և ծանոթանալ այն դատավորների ցուցակին, որոնց կայացրած վճիռները Հայաստանի դատական համակարգում տիրած վակխանալիայի ապացույցն են։ Ծանոթությունը կարող է սկսել իրեն հոգեհարազատ «Մարտի 1-ի» գործով վճիռներ կայացրած դատավորների ցանկին ծանոթանալով, որոնց թվում իր «ուրույն» տեղն ունի ծանոթ մի անուն-ազգանուն՝ «Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած» դատավորի «կլեյմո» ձեռք բերած Ալեքսանդր Ազարյանը։ Փույթ չէ, որ նա այլևս լքել է իր «խրամատը»։
Ի դեպ, հատուկ Լևոն Քոչարյանի համար հիշեցնենք իր հոր օրոք իրականացված արդարադատության աբսուրդային դեպքերից մեկը։ 2000-ականների սկզբին Ջանիկ Ադամյան անունով մի պոետ երկու ամիս 7 օր անցկացրեց Լևոն Քոչարյանի այցելած Նուբարաշենի «բերդում» միայն այն բանի համար, որ հանդգնել էր թռուցիկի տեսքով տարածել իր գրած բանաստեղծությունը, որի մեջ այսպիսի արտահայտություն էր իրեն թույլ տվել՝ առանց որևէ անուն նշելու. «Անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին»։ Քոչարյան Լևոնի ծիծաղը, հավանաբար, եկավ, քանի որ միայն դառը ծիծաղով կարելի է վերաբերվել մի գործի, որով պոետը ու նրա բանաստեղծությունը մեքենագրած մեկ այլ «ամբաստանյալ»՝ Ջեմմա Սահակյանը, մեղադրվում էին, ուշադրություն՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու մեջ։ Եվ սա, կրկնում ենք, այն դեպքում, երբ Քոչարյանի անունը հոլովված չէր այդ երկտողում։ Ըստ դատախազության առաջադրած մեղադրանքի՝ Ադամյանը Ռ. Քոչարյանին զրպարտելու համար կարող էր դատապարտվել մինչև հինգ տարվա ազատազրկման: Այս պատմության շարունակությունը է՛լ ավելի գրոտեսկային է. մեղադրանքն ուղարկվել էր դատարան, սկսվել էր դատական գործընթացը, և զգալով անխուսափելի խայտառակությունը՝ «իրադրության փոփոխության» հետևանքով դատախազը միջնորդեց կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը։
Ի դեպ, դատավորը գործը կարճելու մասին որոշման մեջ արձանագրել էր «սույն դեպքում տուժողի բողոքի բացակայությունը»:
Փաստորեն դատավորն ի վերջո ընդունել էր, որ տվյալ դեպքում Ռ. Քոչարյանն է «օբյեկտը», և առանց նրա բողոքի չէր կարող գործ հարուցվել: Հատուկ Լևոն Քոչարյանի համար ուզում ենք մեջբերել Ջեմմա Սահակյանի խոսքից այս հատվածը. «Ես որպես հայ կին շատ վատ վիճակի մեջ եմ ընկել, որ ինձ 4 օր միլիցիայում են պահել, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, ես պահանջում եմ դատարանից, որ ինձ արդարացնեն, ոչ թե խղճալով կամ իրադրության փոփոխության պատճառով գործը փակեն»: Ահա այսպես էր ավագ Քոչարյանի օրոք դատական ու իրավապահ համակարգը ծառայեցվում «ընդդիմախոսներին ճնշելու համար»՝ հետապնդելով ազատ բանաստեղծելու համար:
Հեղինե Մանուկյան
