Լևոն Քոչարյանը այսօր պաշտոնապես ստանձնեց պատգամավորի լիազորությունները։
Օրերս նա ազատ արձակվեց կալանքից հենց այդ հիմքով, քանի որ ստացել էր պատգամավորական մանդատ։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ հարցին, թե մանդատ է վերցրել, որ կարողանա ազատվե՞լ կալանքից, պատասխանել էր, որ իր համար անակնկալ էր պատգամավորական մանդատ ստանալը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մանդատը ստացել էր Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, բայց «Հայաստան» դաշինքի ցուցակում Արմեն Չարչյանին հաջորդում էր ևս երեք թեկնածու։ Լևոն Քոչարյանը միայն 4-րդն էր։ Չարչյանին հաջորդող Միհրդատ Մադաթյանն, օրինակ, հայտնել էր, որ մանդատը չվերցնելու պատճառ չի տեսնում, մարտական է տրամադրված, աշխատելու ցանկությունը՝ տեղը։ Մադաթյանը պատգամավորական մանդատը համեմատել էր խրամատի հետ՝ նշելով, որ խորհրդարանը խրամատ է, որտեղ պետք է պայքարել, և ոչ մի «ռազմի դաշտ» բաց թողնել չի կարելի։
Օրեր անց, սակայն, նա հրաժարվեց մանդատից։ Ի հայտ եկան դրանից հրաժարվելու տեխնիկական պատճառներ։
Ապա մանդատներից հրաժարվեցին նաև դաշինքի ցուցակի հաջորդ երկու թեկնածուները, ու հերթը հասավ Լևոն Քոչարյանին։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Լևոն Քոչարյանը, պատասխանելով այդ հարցին, ասաց, որ պրոֆեսոր Չարչյանի՝ մանդատը վայր դնելն իր հետ կապ չունի, մնացածների դեպքում ասաց, որ միայն Մադաթյանին է տեսել, մյուսների գրածներին է ծանոթացել և հիմքեր չունի այլ պատճառներ որոնելու, թե ինչու են հրաժարվել մանդատներից։ Նաև նշեց՝ շատ նորմալ է, եթե անգամ թեկնածուները իր գործոնը հաշվի առնելով են հրաժարվել մանդատներից։
Լևոն Քոչարյանի համար «շատ նորմալ ա» պատգամավորական մանդատը անձնական շահերին ծառայեցնելը։ Եթե հետևենք ընդդիմության գործունեությանը, ապա, իրոք, ակնհայտ կդառնա, որ ընդդիմությունը մանդատներ ստանալու համար պայքարել է հենց դրա՝ այն անձնական և խմբային շահերին ծառայեցնելու համար։ Այդ մասին շատ է խոսվել, և ընդդիմությունը հերթով ապացուցում է այդ տեսակետների ճշմարիտ լինելը։
Օրինակ՝ մանդատը իրենց խմբային շահերին ծառայեցնելու դասական և ցցուն օրինակներից է նաև այն, որ ընդդիմությունը 2022 թվականին դիմեց Սահմանադրական դատարան՝ պաշտպանելու համար իրենց ապօրինի համարվող գույքը։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հունվարին խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Հենց այդ պահին այդ երկու դաշինքներից 6 պատգամավորներին պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում էր ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։
Ակնհայտ է, որ ընդդիմությունը խորհրդարանում է՝ պաշտպանելու առաջին հերթին իրենց ապօրինի համարվող գույքը, ինչպես նաև մանդատն անձնական շահերին ծառայեցնելով փորձում են խույս տալ խափանման միջոցներից։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան
