Երեխայի հոգում արժեքների արժեքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում պարզաբանեց, թե ինչո՞ւ են ժամանակները պատմական։

«Մենք կանգնած ենք պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առջև, և այդ գնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը․ Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է՝ իր սահմաններից դուրս մշակված պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը ապահովելու միջոց»,- ասաց նա։

Ըստ նրա՝ պետությունը պետք է սպասարկի բացառապես այս պլանները. «Տնտեսական զարգացումն է Հայաստանի պետական շահը, և բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այդմ՝ ինչքանով են համապատասխանում զարգացման շահերին»։

Վարչապետի խոսքով՝ արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանն է, երկրի շահերի համակարգի գագաթնակետը՝ Հայաստանի տնտեսական զարգացումը։ Այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։

«Մենք ավելի քան կրկնապատկում ենք կրթության ծախսերը, 2018-ի նկատմամբ է համեմատությունը, որովհետև համոզված ենք՝ կրթության ոլորտն է, որ պետք է մեզ օժտի մեր բոլոր հարցերին պատասխանելով գիտելիքով, կարողությամբ և կամքով։ Մենք հստակ ձևակերպել ենք, թե ինչ ենք ուզում մեր կրթական համակրգից, որպեսզի երեխան այնտեղից դուրս գա մտքով ուժեղ, ֆիզիկապես և հոգեբանորեն ուժեղ։ Մենք ուզում ենք, որ երեխայի հոգում և մտքում բյուրեղանան արժեքներր և այդ արժեքների արժեքը պետք է լինի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը»։

Կիսվել սոց․ ցանցերում