Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ 2024 թվականի բյուջեին, որը այս քառօրյայի քննարկման թեման էր։ Աբրահամյանն ընդգծեց, որ ցանկացած կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը իր երկրի տարածքային ամբողջականության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ու հարցրեց. «Ի՞նչ իմաստ ունի բյուջետային ավելացումների մասին խոսելը՝ այս կամ այն ոլորտների, երբ յուրաքանչյուր տարվա հետ միջին վիճակագրական քաղաքացին իր երկրի համար արձանագրում է մարդկային մեծաթիվ կորուստներ, հայրենիքի կորուստներ և այլն։ Այսինքն՝ որևէ մեկի համար ձեռնտո՞ւ է ինքը ամեն տարի լսի, թե ինչպես է կառավարության ներկայացուցիչը գալիս, խոսում, որ մենք այս տարի այս ուղղությամբ այսքան բյուջետային ավելացումներ ենք կատարելու, բայց հաջորդ տարի գալիս է և արձանագրում, որ գիտեք՝ մենք կորցրինք ՀՀ-ի այսքան տարածք, հանձնեցինք Արցախը, կամ Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց Արցախի վրա և այլն»։
Նշենք, որ 2024 թվականի բյուջեն աննախադեպ է՝ ինչքան էլ ընդդիմությունը «բզոտվի» այդ բառից։ Գալիք տարվա բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ավելի քան կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը։
Եվ ահա տեսեք, ըստ Տիգրան Աբրահամյանի, դրա մասին խոսելն իմաստ չունի։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են երկրներն ապահովում իրենց անվտանգությունը, եթե ոչ մեծ բյուջե ունենալով։ Երկրի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն ու միայն լավ զինված բանակ ունենալով, ներդրումային տեսանկյունից հետաքրքիր լինելով, ինչն էլ կրկին բերում է մեծ բյուջեի։ Սրանից կարելի է բխեցնել հակառակ տրամաբանությունը՝ մեծ բյուջե նշանակում է ներդրումային հետաքրքիր երկիր լինել, ունենալ մրցունակ տնտեսություն, օտարերկրյա ներդրումներ, որոնք իրենց մեջ նաև անվտանգային բաղադրիչ են պարունակում։
Իսկ ինչո՞ւ այս տրիվիալ ճշմարտությունը չի նկատում Տիգրան Աբրահամյանը։ Հավանաբար խնդիրը փիլիսոփայության մեջ է։ Նրա, նրա քաղաքական առաջնորդների դավանած փիլիսոփայության համաձայն՝ երկրի անվտանգությունը պահում են ոչ թե հզոր տնտեսությամբ, մեծ բյուջեով, այլ օրինակ՝ եղած-չեղածը Ռուսաստանին կամ մեկ այլ ուժային կենտրոնի հանձնելով, ապա՝ անվտանգային տեսանկյունից այդ կենտրոնի ողորմությանը մնալով։ Այո՛, այս տրամաբանությամբ, այս տեսանկյունից հարցին մոտենալիս, բնական է, որ իմաստ չունի խոսել բյուջեի եկամտային և ծախսային հատվածի կրկնապատկումից։ Դա ի՞նչ կապ ունի անվտանգության հետ։ Մեր «մեծ եղբայրը», մեր «տերը», մեր «դաշնակիցը» մեզ կպաշտպանի, թույլ չի տա, կօգնի, կզսպի…
Հաճախ կարելի է տարբեր կողմերից լսել նաև, թե հիմա մենք ինքնիշխա՞ն ենք, թե՞ անտեր։ Հարցի մեջ իսկ ակնհայտ է այդ հարցը տվողի մտածելակերպը։ Նման հարցադրում անողները տերեր են փնտրում։ Կարծում են, որ Հայաստանը պետք է տեր ունենա, պաշտպան, իսկ անտեր լինելը վատ բան է։ Կարծես Հայաստանը շան թուլա է՝ եթե անտեր է, ուրեմն թափառող, անպաշտպան կենդանի է։
Տիգրան Աբրահամյանն ասում է՝ ի՞նչ իմաստ ունի մեծ բյուջեից խոսել, տարբեր ոլորտներին հատկացվող գումարների կրկնապատկումից խոսել, եթե Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Սա էլ այսպես մտածողների երկրորդ փիլիսոփայական, արժեքաբանական խնդիրն է։
Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին ասում էին՝ ձեր ճանապարհները չենք ասֆալտում, ձեր բնակավայրերը չենք բարեկարգում, գետտոներ հիշեցնող, անտեսված, ավերակներ դարձած տարածքներում եք ապրում, որովհետև Արցախի հարց կա, Արցախն ենք պահում, բանակի վրա ենք ծախսում։ Ու մեկ էլ հանկարծ իրենց գեղեցիկ առանձնատներից, դեպի այդ առանձնատներ տանող բարեկարգ ճանապարհներից զարմացած, զարհուրած արձանագրեցին, որ գոյություն ունի արցախցի-հայաստանցի տարանջատում։ Ու սա էլ իրենցից դուրս դնելով՝ շտապեցին դրա առկայության մեղքը դնել ներկա իշխանության, նախկին ընդդիմության, Սորոսի, այլմոլորակայինների վրա՝ չարձանագրելու համար, որ դա մեծապես հետևանք է իրենց վարած քաղաքականության՝ երբ ՀՀ քաղաքացուն ստում էին, թե դու գետտոյում ես ապրում, որովհետև Արցախի հարց կա։ Մարդն, այո՛, կարող է հայրենիքի համար զրկանքներ կրել, կռվել, անգամ զոհվել, բայց դա չի կարող ձգվել տասնամյակներ՝ հատկապես եթե նույն քաղաքացին տեսնում է, որ ոչ բոլորն են կրում այդ զրկանքները, որ իր կողքին հայտնվում են դոլարային միլիոնատերեր, ու միլիոնատերեր են դառնում նրանք, ովքեր իրեն ասում են՝ դու համբերիր, համակերպվիր՝ Արցախի հարց կա։ Կարծես այդ Արցախի հարցը ասողին չի վերաբերում, այլ միայն իրեն՝ հասարակ քաղաքացուն։ Դրա հետևանքը արցախցի-հայաստանցի բաժանումն է լինում։ Հետո էլ միամիտ պարզվում է, որ նույնը եղել է նաև Արցախում։ Արցախցուն ասել են՝ դու պետք է համբերես, կրակոցների տակ ապրես, գոյատևես, որովհետև անկախության հարց կա, հայրենիքի հարց կա։ Իսկ այդ արցախցին տեսնում է, որ Հայաստանում ու Արցախում կան դոլարային միլիոնատերեր, ու իր մոտ ևս առաջանում է արցախցի-հայաստանցի բաժանում։ Որովհետև Հայաստանում կրակոց չկա, որովհետև Հայաստանում մարդիկ ապրում են խաղաղ պայմաններում, որովհետև ավելի շատ արցախցիներ են զոհվում, քան հայաստանցիներ՝ փոխարենը ո՛չ անկախություն է լինում, ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն։ Ու այս ամենը՝ հարստացող չինովնիկների ֆոնին։
Վովա Հակոբյան
