«Վեշերս կապել ենք, նստել, էլ խոսելս չեմ ուզում, դեղ եմ խմել, որ հանգստանամ ու գնանք»:
Գյումրու «Օլիմպիկ» հյուրանոցում ապաստանած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից մեկն է: Նրա նման շատերն են և հուզված, և անհանգիստ:
Հյուրանոցում մնալու ժամկետը լրացել է, զգուշացրել են, որ իրերը հավաքեն, ովքեր դեռ վարձով տուն չեն գտել, ապա Շիրակի մարզպետարանը նրանց կտեղափոխի անվճար այլ վայր:
Հյուրանոցում գտնվողներից տարեց մի տղամարդ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, ոչ տուն է գտել, ոչ ուրիշ տեղ գնալու ցանկություն ունի: Նկարվել էլ չուզեց, պետք չէ, որ իրեն տեսնեն: Տուն գտնել չի կարողացել, միայնակ է, իսկ բնակարանի գները բարձր են:
«Ես թոշակառու եմ, պետության նպաստն անգամ հերիք չէ, որ բնակարանի վարձ տամ, դրա համար անելիքս չգիտեմ, մենակ եմ, դժվար է ինձ համար, թե ինչ է լինելու, չգիտեմ: Տնօրենին խնդրել եմ, որ ես մնամ գոնե մինչև ամսվա վերջ, դրանից հետո գուցե էլի խնդրեմ: Ես ձև չունեմ անձամբ ինչ-որ բան անելու»:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Նրանցից 3010-ը՝ 724 ընտանիք, գտնվում են Գյումրիում:
Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ասում է՝ բոլորն ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս էլ նոր գրանցվողներ են քալիս քաղաքապետարան, որոնք կամ նոր են իմացել, որ հաշվառվելու են, կամ տեղափոխվում են այլ վայրից:
Գյումրու քաղաքապետարանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 անձ է արդեն անցել աշխատանքի: Նրանց աշխատելու հաստատակամությունն ուրախացրել է պատասխանատուներին: Այս պահին դեռ առաջնային կարիքի բավարարման գործընթացի մեջ են: Ընտանիքներին ապահովում են անհրաժեշտ գույքով, հիգիենայի և անկողնային պարագաներով, սննդով:
«Ցավոք, այս պահին դրանք քիչ են, և չենք կարող բոլորին բաժանել, բայց ունենք խոցելի խմբեր, որոնց առաջնահերթություն ենք տալիս:
Եղածը փորձում ենք ծայրահեղ ճիշտ բաժանել՝ ըստ խոցելիության աստիճանի: Մանկական կաթնախառնուրդներ էլ ենք ստացել անհատներից, այլ պետություններից: Ընտանիքին ամբողջական փաթեթ ենք տալիս՝ սնունդ, անկողնային և այլ պարագաներ, երեխայի կաթնախառնուրդ՝ ելնելով ընտանիքի կարիքից»,- ասում է Մկրտչյանը:
Հիմա ամենամեծ խնդիրը վարձով բնակարան գտնելն է: Գյումրու բնակֆոնդն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ արդեն այստեղ գտնվողները հեռանալ չեն ուզում, որոշել են, որ մնալու են Գյումրիում:
Փոխքաղաքապետն ասում է՝ քննարկում են, թե ուր տեղափոխեն Գյումրու հյուրանոցներում մնացած ընտանիքներին: Բնակարան չեն գտել հիմնականում մեկ հոգանոց ընտանիքները: Մեզ հետ զրույցում ասում են, իրենք պահանջվող վարձավճարը, որոշ դեպքերում՝ նաև մի քանի ասվա գումարը չեն կարող վճարել:
«70-ից ավել 1 հոգանոց ընտանիք կա մարզում, որոնք ձմռանը հատկապես, մեծ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև 10.000 դրամով կոմունալ ծախս անել չեն կարող: Նրանց հարցը քննարկում ենք, փորձելու ենք լավագույն միջինը գտնել»:
Շատերն էլ գտել են բնակարան, պայմանավորվել, տեղափոխվել ու մնացել շիվար: Այլ տուն ցույց տվել, մեկ ուրիշն են փաստացի տարել բռնի տեղահանվածներին:
«Անձամբ ես եմ առնչվել այդ հարցին, շատ արագ լուծումը գտել, այլ բնակարան ենք տեղափոխել: Մարդիկ էլ եղել են 2-3 ամսի համար կանխավճար են տվել, սակայն այդ դեպքում էլ խոստումը չի պահվել, մարդուն փաստացի 4 պատ է տրվել»,- փաստում է Վահագն Մկրտչյանը:
Օգտվելով իրավիճակից, կան մարդիկ, որ ընտանքիներին վարձով տնակ են առաջարկում, և սա այն պարագայում, երբ Գյումրին գնում է տնակներից ձերբազատման ճանապարհով: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Վահագն Մկրտչյանը վստահեցրեց, որ թույլ չեն տա քանդման ենթակա որևէ տնակ վարձակալվի:
«Մեկ-երկու օրինակ ես էլ եմ տեսել, արագ զբաղվել եմ դրանով, տնակի տիրոջը զգուշացրել ենք, որ նման բան անել չի կարող, քանի որ բնակիչը կարող է չիմանա, որ տնակը քանդման ենթակա է, իսկ այդ ապամոնտաժումը ևս մեկ սթրես է լինելու ԼՂ-ից բռնի տեղահանվածի համար»,- ընդգծում է փոխքաղաքապետը:
Քիչ, բայց նաև վարձակալության գների անտրամաբանական աճ է գրանցվել: Բայց սա չի խանգարել, որ բարձր գնով առաջարկեն բնակարանը, համաձայնության դեպքում, տեղահանվածներին տանեն մի կառույց, որտեղ նույնիսկ ամենատարրական պայմանները չեն եղել, անգամ որևէ իր չի եղել:
Մկրտչյանը բոլորին հորդորում է բնակարանները վարձակալել օրինական, ունենալ պայմանագրեր: Դա առաջին հերթին հենց իրենց ապահովության համար է: Այդ պարագայում և տվյալ բնակարանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթն է ներկայացնելու տանտերը, պարտավորվելու է որոշակի ժամանակահատված չանհանգստացնել կենվորին, բնակվարձը չթանկացնել ու էլի շատ բաներ:
Մեկ հոգանոց ընտանիքների հետ կապված այլ խնդիր էլ կա: Սննդի փաթեթի տրամադրումն է դառնում խնդրահարույց:
«Ինչքան ընտանիքում անդամների թիվը պակասում է, այդքան այդ ընտանիքի համար խնդիրը մեծանում է: Մենք 1 հոգանոց ընտանիքին փաստացի 2-3 հոգանոց ընտանիքի սնունդ ենք տալիս, որովհետև սննդի տեսակ կա, որ չի կիսվում՝ ձեթը, պանիրը, կարագը փաթեթներով է եղել, դա մենք չենք կարող բաժանել գրամների ու միլիգրամների»,- պարզաբանում է փոխքաղաքապետը:
Թե ովքեր կմնան հյուրանոցներում, կամ կմնան՝ թե չէ, դեռ պարզ չէ: Հստակ է, սակայն, որ հյուրանոցային ցանցը կոլապսի է ենթարկաված, իսկ վերականգնվելու համար ժամանակ է պետք:
