ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալելու մասին տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետը գտնվում է հետախուզման մեջ։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ նրան ձերբակալել են և պատրաստվում են արտահանձնել Հայաստան։
ՀՀ Գլխավոր դատախազությունից Civic.am-ին հայտնեցին, որ Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ մեկնաբանություն չունեն, նորություններ լինելու դեպքում կտեղեկացնեն լրացուցիչ։
Ըստ նույն տելեգրամյան ալիքի՝ Պողոսյանին բերման են ենթարկել և այդ մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։
Ամիսներ առաջ նրան պատկանող ընկերությունը, որը զբաղվում է Հայաստան բանանի ներկրմամբ, Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Պողոսյանը հայտարարել էր, որ խմբաքանակը իրենք են հայտնաբերել իրենց բեռների մեջ և կապվել ԱԱԾ-ի հետ ու տեղեկացրել այդ մասին։ Ընկերության աշխատակիցը ձերբակալվել էր։
Վովա Հակոբյան
