Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»,- գրել է Փամբուխչյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, վեճ էր ծագել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև:
Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» էր անվանել, Աղեկյանն էլ Խաչատրյանի վրա ջուր էր լցրել, որից հետո էլ սկսվել էր քաշքշուք:
