Հեռուստասերիալ, որտեղ ներկայացվելու են արատավոր բարքերն իրենց բացասական հետևանքներով, դավաճանություն, միստիկա, որի արդյունքում էլ նկարահանող թիմն ունեցել է էքստրեմալ նկարահանումներ: «Նոր Հայաստան» հեռուստաալիքով դեկտեմբերին մեկնարկելու է ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Գերիներ»՝ 24 մասից բաղկացած հեռուստսերիալը, որի սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը: Նկարահանումները դեռևս մեկնարկել են ամռանը և նկարահանման առաջին օրերին ներկա է եղել Tert.am Life-ը, որը ներկայացնում է BACKSTAGE առաջին լուսանկարներն ու մանրամասները:
Հեռուստաֆիլմը միստիկ դրամայի ժանրում է: Նախագծի ռեժիսորը նշում է, որ ժանրից սկսած հեռուստանախագիծը տարբերվում է մյուս նախագծերից:
«Պատմությունը ծավալվում է մի խումբ ուսանողների շուրջ, որոնք մոլորվում են անտառում և բախվում մի շարք խնդիրների, այստեղ գալիս է նաև միստիկայի ժանրը, բայց կարևոր հանգամանք է, որ նմանօրինակ պայամաններում հերոսները ճանաչելու են միմյանց իրական տեսակը, տեսնելու են նրանց պատմությունները, բախվելու միջանձնային կոնֆլիկտների: Անտառի պատմությանը զուգահեռ մենք ցույց ենք տալու հերոսների պատմությունները, դժվարությունները, խնդիրները, որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին»,- նշեց ռեժիսորը:
Ամիսներ շարունակ նկարահանող խումբն աշխատանքներն իրականացրել է, թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որտեղ դերասաններն ունեցել են նկարահանումներ քարանձավներում, անտառներում և վայրի պայմաններում: Նկարահանումների ակտիվ փուլ է եղել նաև Երևանում, որտեղ ծավալվել է մյուս ուսանողների պատմությունը:
24 մասից բաղկացած հեռուստասերիալում նկարահանվում են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Էրմինա Զախարովան, Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Ստեփանյանը, Ավետ Զոհրաբյանը, Լուիզա Մելքոնյանը, Էմմա Սապունջյանը, Մարտին Բաբախանյանը և մի շարք այլ դերասաններ:
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այս դերի համար դիմել է արտաքին փոփոխությունների, իսկ ինստագրամյան իր էջում դերասանուհին պատմել է, որ նկարահանումներից մեկի ժամանակ հասցրել է վնասվածք ստանալ:
«Մարմնավորում եմ Լիլիթին, որը թեթև, կենսուրախ աղջիկ է, որն անսահման հետաքրքրված է սոցիալական հարթակներով, սիրում է ռիլեր և սթորիներ նկարել: Առաջին անգամ եմ մարմնավորում նման կերպար, բայց հետաքրքիր փորձ է, որի համար արել ենք նաև որոշակի արտաքին փոփոխություններ: Կարևոր է, որ հեռուստադիտողը տեսնի այն անցումը, թե ինչ է կատարվելու նման խառնվածքով աղջնակի հետ, երբ նա հայտնվի անտառում»,- ասաց Մարինկա Խաչատրյանը:

Ամբողջական նյութը՝
https://www.tert.am/life/am/news/2023/11/22/geriner/90404
