Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ ձկնաբույծներ։
Նրանց խոսքով՝ դեմ են փակ շրջանառու համակարգի անցմանը, որի մասին արդեն ընդունվել է համապատասխան օրենքի նախագիծ։ Այլ կերպ ասած՝ բողոքի պատճառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազումն է և որակի փոփոխությունը:
«Մենք արտադրություն ենք ստեղծում, այստեղ սխալ ջուր օգտագործող չկա, մենք այդպիսին չենք։ Մենք ասում ենք՝ 2014 թվականին ասել եք՝ արտադրեք ու ապահովեք ձեր նորմատիվը, խնդիր չկա, ամեն տարի մենք զարգացման ենք գնում։ Էկոնոմիկայի նախարարությունն այս օրենքին դեմ է քվեարկել։ Ձկնամթերքը կկրճատվի՝ կունենաք բարձր ինքնարժեք, և այս ոլորտը կփակվի։ 10 հազար մարդ կդառնա անգործ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել են նրանք։
Վերջիններս պահանջել են հանդիպում շրջակա միջավայրի նախարարի հետ։ Ըստ գերատեսչության մամուլի պատասխանատուի՝ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է տնտեսվարողներին:
