Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, ավագանու մի քանի անդամի միջև առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, հնչել հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով»,- մանրամասնեց Աբրահամյանը՝ հավելելով՝ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, վեճ էր ծագել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև:

Խաչատրյանի ելույթը ընդհատելու համար վերջինս Աղեկյանին «կոյուղաջրերի թագուհի» էր անվանել, Աղեկյանն էլ Խաչատրյանի վրա ջուր էր լցրել, որից հետո էլ սկսվել էր քաշքշուք:

Կարժ ժամանակ անց վիճաբանություն էր եղել նաև քաղաքապետարանի միջանցքներում և աստիճանահարթակի վրա, հնչել էին հայհոյանքներ, հասցվել փոխադարձ հարվածներ:

Կիսվել սոց․ ցանցերում