Նվազագույն աշխատավարձի դեպքում որքա՞ն է կազմում գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75․000 դրամ: 

Iravaban.net-ը հայտնում է, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվել է՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝

ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,

բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:

Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:

ՀՀ օրենսգրքերի (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի), օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք սահմանվում է 1000 դրամը:

Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

Կիսվել սոց․ ցանցերում