Բռնությունը դատապարտող, նախկին ռեժիմի օրոք պետական հիմնարկներում գործած բարքերը (խուժանություն, ագրեսիա և այլն) քննադատող Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնական և վերջապես ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանի որդի Սամվել Հակոբյանը թեև երիտասարդ տարիքին՝ 31 տարեկան է, հասցրել է արտասահմանում կրթություն ստանալ, տուն-տեղ հետ գցել, այն էլ՝ միանգամից երկու, հավանաբար ծառ էլ տնկած կլինի, սակայն ամուսնանալ դեռ չի հասցրել։ Այս մասին է վկայում որպես ավագանու անդամի թեկնածու ԿԸՀ ներկայացրած նրա հայտարարագիրը։ Որդի Հակոբյանը միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող երկու բնակարան ունի Երևանի Կենտրոնում, թանկ համարվող հատվածներում, մեկը՝ Մաշտոցի պողոտայի վրա՝ 159 քառ.մ մակերեսով, մյուսը՝ Նալբանդյան փողոցում՝ 50 քառ.մ մակերեսով, որոնցից մեկը գնել է 2020 թվականին, մյուսը նվիրատվություն է ստացել 2017 թվականին։ Սամվել Հակոբյանի անշարժ գույքը, նկատենք, միայն Կենտրոնի բնակարաններով չի սահմանափակվում, նա միանձնյա սեփականատերն է նաև 68 քառ.մ մակերեսով մի գույքի, որը գտնվում է ՌԴ-ում։ Բնակելի շենքի առաջին հարկում գտնվող այդ կոմերցիոն տարածքը Լենինգրադի մարզի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է, Վյազեմսկու նրբանցքի շենք 4-ում (գնել է 2020 թվականին)։ Հակոբյանը, հավանաբար, այս գույքի սեփականատեր է դարձել իր հայրիկի կապերի, չի բացառվում նաև՝ անձնական ներդրման միջոցով. Ռուբիկ Հակոբյանը, հիշեցնենք, 8 տարի՝ 2000-2008թթ., Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եղել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը։
Սամվել Հակոբյանը հայտարարագրել է նաև ԱԺ-ից ստացած 3 մլն 622 հազար դրամը, իսկ որպես դրամական միջոց՝ 2 մլն 500 հազար դրամ։
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած «կարդաբալետի» մասնակից Սոնա Աղեկյանն էլ, որը հաշվառված է Շիրակի 2-րդ նրբանցքում, իր հայտարարագրում ոչ մի գույք և դրամական միջոց չի հայտարարագրել, նշել է, որ չի աշխատում որևէ տեղ, ամուսնալուծված է։
Մինչդեռ Աղեկյանը, նկատենք, «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամին իր հայտարարագիրը ներկայացնելուց մեկ շաբաթ անց 1 միլիոն դրամ էր նվիրաբերել։ Հետաքրքիր է՝ ում գրպանից էր նման գումար հանգանակել։ Թող պարզեն իրավապահները։
Սույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Նարինե Հայրապետյանն էլ՝ հայտնի որպես Սոսե Նարե, ըստ իր հայտարարագրի տվյալների, հաշվառված է Նոր Նորքի Թոթովենց փողոցում, ոչ մի տեղ չի աշխատում, ամուսնացած չէ, չունի ոչ մի շարժական և անշարժ գույք, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 620 հազար դրամ կանխիկ դրամ։
Հ. Մ.
