Գործադիրն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևանի Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այս մասին հայտնում են Կառավարությունից:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվող գործով հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության, պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի, «ԱՕԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, համաձայն որի Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։
Տարածքում առկա է նաև կարգավիճակը չպարզված շարժական գույք (կահույք, դաշնամուր,գրքեր), որի գույքագրման նպատակով հանձնարարվում է ԿԳՄՍ նախարարությանը եռամսյա ժամկետում իրականացնել գույքագրում և ՀՀ կառավարություն ներկայացնել դրա հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան առաջարկ։
Գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 490 միլիարդ 695 միլիոն 59 ՀՀ դրամ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը Երևանի Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող ԱՕԿՍ-ի շենքի մասին է, որը ժամանակին ապօրինի կերպով մասնավորեցվել է։
2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել էր հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք էր արվել Վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:
2023 թվականի հոկտեմբերի 2-ին Վարչական դատարանը հաստատել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվել էր Հայաստանի Հանրապետությանը:
