Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամներն առաջին անգամ սկսել են նորմալ գործել

Ամերիկյան Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հաջող վիրահատություն կատարել՝ փոխարինելով մարդու երկու երիկամները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Խոզի երիկամներ են փոխպատվաստել հիվանդին, ում մոտ նախկինում ուղեղի մահ է ախտորոշվել՝ նրա ընտանիքի թույլտվությամբ։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով մարմինը թունավոր նյութերից։ Եզակի վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել JAMA Surgery գիտական ամսագրում: Թեև սա առայժմ առանձին դեպք է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդներին։ Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում է ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չհասցնելով ստանալ համապատասխան դոնորական օրգան:

Կիսվել սոց․ ցանցերում