Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզի Թալին և Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ համայնքներ՝ ծանոթանալու երիտասարդական, մշակութային կյանքին, առկա պայմաններին ու խնդիրներին։

Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել նշյալ համայնքներում երիտասարդների ակտիվության, մշակութային ներուժի և դրա վերաիմաստավորման, նոր մոտեցումներով մշակույթ-երիտասարդություն կապի զարգացման վերաբերյալ քննարկումներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է համայնքներում գործող մշակութային հաստատությունների, երիտասարդական կառույցների, համայնքում մշակույթի դերի և ակտիվության մասին։ Մատնանշվել են ԿԳՄՍՆ-համայնք համագործակցության հեռանկարները՝ մշակույթի և երիտասարդության ոլորտներում։

Անդրադառնալով մարզերում և համայնքներում մշակութային կյանքի զարգացմանը և երիտասարդներին դիտարկելով որպես դրան խթանող առաջնային օղակ՝ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է․

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր, որում կներառվեն նաև գրադարանային արդիականացված ռեսուրսներ՝ ապահովելու համայնքի՝ մշակութային և երիտասարդական կյանքին լիարժեք մասնակցությունը»։

Մշակութային նոր միջավայրերի ստեղծման համար նախանշվել է քաղաքների ենթակառուցվածքային, աշխարհագրական, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Համայնքներում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են մշակութային հաստատությունների գործունեությունը և դրանցում երիտասարդների մասնակցությունը: Մարզային այցերը լինելու են շարունակական:

Կիսվել սոց․ ցանցերում