Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դшտшվճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Վերաքննիչ բողոք է ներկայացվել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական ապօրինի զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ։

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։

Նա նշել է, որ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել Բաքվի վերաքննիչ դատարան։

«Նոյեմբերի 24-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ։ Խաչատրյանը առողջական խնդիրներ չունի: Ես նրան բացատրեցի իր բոլոր իրավունքները»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:

Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Կիսվել սոց․ ցանցերում