Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ Քոչարյանների ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը չթույլատրվեց տեսանկարահանել. պաշտպանները միջնորդեցին նաեւ նիստը դռնփակ անցկացնել

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Քոչարյանների փաստաբաններ` Հարություն Հարությունյանի, Արամ Օրբելյանի և Արթուր Հովհաննիսյանի պահանջով դատարանը չթույլատրեց տեսա և ձայնագրությունը, ինչպես նաեւ ուղիղ հեռարձակումը։

Ապա` պատասխանող կողմը միջնորդեց քննարկել դատական նիստն առհասարակ դռնփակ ռեժիմով անցկացնելու հարցը, որից հետո դատարանը պահանջեց լրագրողներին լքել նիստերի դահլիճը` մինչեւ որոշում կայացնելը։

Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Քոչարյանից և նրա ընտանիքից բռնագանձել ապօրինի համարվող 20 անշարժ գույք, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայի 2 անշարժ գույք։

Վովա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում